Հարցազրույց

26.10.2017 13:09


Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների գործունեության դաշտը խաչվում է, ինչպես օրինակ դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ ականջաբանի ու պլաստիկ վիրաբույժի կատարած միջամտությունները դեմքի շրջանում: Վիճել որ մասնագետը կարող է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը: “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի հարցազրույցը “Աստղիկ” ԲԿ-ի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ, դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Աշոտ Էդուարդի Հարությունյանի հետ:

-Ի՞նչ վիրահատություններն են մտնում Ձեր իրավասության շրջանակներում, և որո՞նք եք ամենահաճախը կատարելու առիթ ունենում:

- Դիմածնոտային վիրաբույժի կողմից կարող են կատարվել հետևյալ վիրահատությունները` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ուղղում, դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում, դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում, թքագեղձերի բորբոքային հիվանդությունների բուժում, բերանի խոռոչի վիրաբուժություն և իհարկե դեմքի էսթետիկ վիրահատություններ: Բավական լայն սպեկտր է՝ սկսած բարդ ատամների հեռացումից մինչև ամենաբարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ: Ինչպես հայտնի է Հայաստանում այս պահին ամենալայն տարածում ունեցող վիրահատություններից մեկը ռինոպլաստիկան է:
Քթի վիրահատություններն անցկացվում են երկու եղանակով՝ բաց և փակ: Առաջինի դեպքում քթի մաշկն անջատվում է ոսկրային և աճառային համակարգից և մենք ունենում ենք ավելի լայն հասանելիություն քթի կառուցվածքին և կարող ենք գրեթե ցանկացած գործողություն կատարել: Այդպիսով հնարավորություն ունենք նաև էսթետիկ ավելի լավ արդյունք ստանալ: Փակ տարբերակը փոքր-ինչ սահմանափակում է մեր հնարավորությունները, սակայն դա հարաբերական է և այդ ընտրությունը կախված է յուրաքանչյուր վիրաբույժի տեխնիկայի կիրառումից:

-Նշեցիք, որ մեծ տարածում ունի ռինոպլաստիկան, ի՞նչ պետք է իմանա մարդը, ով ուզում է գնալ նման վիրահատության:

-Նախ պացիենտը պետք է հստակ գիտակցի, թե ինչու է դիմում նման վիրահատության: Այն կարող է փոխել մարդու կյանքի որակը և վերադարձնել ինքնավստահությունը, բայց պացիենտը պետք է իմանա, որ ամեն ինչ ուղղակի վիրահատությամբ չի ավարտվում: Առաջնային հետվիրահատական շրջանը տևում է 10-14 օր, այսինքն՝ մինչև գիպսը հեռացնելը: Գիպսը հանելուց հետո երևում է առաջնային էսթետիկ տեսքը, իսկ վերջնական տեսքը կարելի է տեսնել 6-8 ամիս, որոշ դեպքերում՝ մեկ տարի հետո, երբ բոլոր այտուցներն արդեն անցած կլինեն և քիթը՝ վերջնականապես ձևավորված: Պացիենտը պետք է հստակ հետևի բժշկի ցուցումներին, հեռու մնա քթի շրջանում վնասվածքներ ստանալու հավանականությունից: Նա երեք-չորս ամիս պետք է մնա հսկողության տակ, քանի որ հնարավոր է՝ շտկումների, մերսումների կարիք լինի:
Ի դեպ, ռինոպլաստիկայի հիմնականում դիմում են աղջիկներն ու կանայք, բայց վերջերս տղամարդկանց մոտ դիմելիության աճ է նկատվում: Բայց նրանց պարագայում ավելի հաճախ կատարում ենք քթային շնչառության վերականգնման և արտաքին շտկման զուգակցվող վիրահատություններ:

-Ի՞նչ որակի պլաստիկ վիրահատություն կարող է ստանալ մարդը՝ առանց Հայաստանից դուրս գալու:

-Ես կարծում եմ, որ վերջին տարիներին այս ճյուղը բավականին լայն զարգացում է ստացել Հայաստանում: Եվ այն փաստը, որ վիրահատությունները շատանում են, նույնպես խոսում է որակի աճի մասին: Ավելին՝ եթե նախկինում գնում էին այլ երկիր՝ վիրահատվելու, հիմա տարբեր երկրներից են գալիս Հայաստան, և ոչ միայն հայեր: Պացիենտներ ունենք Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից: Այն, որ մարդը դիմում է պլաստիկայի, նշանակում է, որ նա բծախնդիր է իր արտաքինի նկատմամբ, և եթե մարդիկ որակ չտեսնեն, ոչ մի դեպքում չեն դիմի: Մրցակցության ավելացումը նույնպես բերել է որակի բարձրացման:

-Իսկ որո՞նք են դիմածնոտային շրջանում հանդիպող այլ առավել տարածում ունեցող խնդիրները, որոնք վիրահատական միջամտության կարիք ունեն:

Լայն տարածում ունեն թքագեղձերի հետ կապված խնդիրները, դիմածնոտային շրջանի կոտրվածքները, որոնց ժամանակ կարող են կատարվել նաև տարբեր բարդության ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, քիչ չեն նաև ատամների, հայմորյան խոռոչների հետ կապված խնդիրները (hայմորիտ) որի դեպքում օգտագործվում է էնդոսկոպիկ վիրահատությունների մեթոդը: Մասնավորապես հայմորյան խոռոչի օդոնտոգեն բորբոքումների դեպքում: Եթե նախկինում կատարվում էր կտրվածք բերանի խոռոչից, ոսկրային պատուհան էր բացվում և այլն, ապա էնդոսկոպի կիրառման դեպքում այդ ամենը կատարվում է քթի խոռոչից և ավելի քիչ տրավմատիկ է, իսկ հետվիրահատական շրջանը շատ ավելի կարճ է և հարմարավետ պացիենտի համար, ցավերն ու այտուցները նվազագույն են: Էնդոսկոպը նաև օգտագործվում է քունքոսկրածնոտային հոդերի վիրահատությունների ժամանակ:

-Ի՞նչն եք կարևորում ձեր աշխատանքում:

-Առաջին հերթին պրոֆեսիոնալիզմ և կատարելագործում, քանի որ առանց դրա բժշկի մասնագիտությունն իր դերակատարությունը կորցնում է: Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է որը պահանջում է ձեռքի և գիտելիքների ճկունություն:
Միաժամանակ, վիրաբույժը միշտ պետք է պատրաստ լինի անակնկալների և գլուխը չկորցնի:

-Վախ կա՞:

-Վախը շատ արագ փոխակերպվում է պատասխանատվության զգացման: Գիտակցում ես, որ ամեն ինչ պետք է ճիշտ անես, որ առաջին հերթին չվնասես, և երկրորդը՝ ստանաս ցանկալի արդյունք: Դա էմոցիոնալ ցանց է, որը մեզ՝ բժիշկներիս, շրջապատում է ամբողջ կյանքում:
Ի դեպ ցանկալի արդյունք ստանալու համար շատ կարևոր է,որ ի սկզբանե վստահություն լինի բժշկի և պացիենտի միջև ու ստեղծվի դրական աուրա:
Ուշադիր լինել պացիենտի նկատմամբ, կարևորել ցանկացած մանրուք ու կարողանալ հոգեբանորեն ճիշտ ուղղորդել պացիենտին: Սրանք կանոններ են, որոնց միշտ հետևում եմ պացիենտի հետ շփումներում: Հատկապես պլաստիկ վիաբուժության պարագայում հատուկ մոտեցում է պահանջվում, որպեսզի պացիենտը տարբերակի՝երբ է իրեն իսկապես վիրահատություն անհրաժեշտ և երբ է պլաստիկ վիրահատության ցանկությունը քողարկում արտաքին տեսքի պատճառով չառաջացած բարդույթները: Լինում են դեպքեր, երբ պացիենտն անպայման ուզում է վիրահատվել, բայց մենք գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա ու փորձում ենք ետ պահել վիրահատվելուց: Սա հատկապես պատահում է, երբ պացիենտը ոչ թե ուզում է շտկել ու էլ ավելի գեղեցկանալ, այլ երբ ուղղակի ցանկանում է վիրահատվել, որ արտաքինով նմանվի որևէ հայտնի մարդու:

-Դուք մարդկանց գեղեցկացնում եք: Դա ինչ-որ հատուկ էմոցիաներ առաջացնո՞ւմ է:

-Առաջացնում է: Չեմ կարծում, որ դա կարող եմ նկարագրել: Երբ տեսնում ես մարդու էմոցիոնալ վիճակի փոփոխությունը դեպի դրականը, նրա հաջողությունները կյանքում, որոնք մասամբ նաև քո արած վիրահատության արդյունքն են... դա չի կարող էմոցիաներ չառաջացնել: Կցանկանամ առանձնահատուկ նշեմ ինձ հետ աշխատող անձնակազմի բարձր որակի մասին և մեր կենտրոնի գերժամանակակից սարքավորումների ու պայմանների մասին, որոնք էլ ավելի մեծ վստահություն են տալիս՝ գոհացուցիչ աշխատանք կատարելու համար:

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական

Այս խորագրի վերջին նյութերը