Լրահոս

29.01.2010 13:46


«Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցության հայտարարությունը

Հունվարի 19-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը ակնհայտ եւ ապօրինի դատավճռով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, իբրեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ընկերակցության կողմից իրականացված մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանին վերագրվող արարքներն ու մեղադրանքները անհիմն են եւ իրենց հաստատումը չեն գտել բաց դատավարության ժամանակ։ Հակառակը Նիկոլ Փաշինյանի դատավարությունը փաստեց նրա նկատմամբ տեղի ունեցող հետապնդումների քաղաքական դրդապաճառներն, իսկ դատավճիռը նրա նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ քրեական դատավարական օրենսդրության համաձայն դատարանի խնդիրն է օրինախախտ արարքի որակավորումն ու պատասխանտվության սահմանումը, այլ ոչ թե քաղաքացուն իր քաղաքական հայացքների եւ ընդդիմադիր գործունեության համար պատժելը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը արգելված չի եղել ՀՀ Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով, նրա կողմից անզեն, խաղաղ ցույցերի եւ երթերի կազմակերպումն ու ղեկավարումը իրականացվել է օրենսդրության պահանջներին համապատասխան, նպաստել Հայաստանի Հանրապետության սահամանադրական կարգի ամնրապնդմանն ու զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանի իրավապահ մարմիններին ներկայանալը եւ դատավարությանը մասնակցելը ապացույցն էր այն բանի, որ նա շարունակում է իր քաղաքական գործունեությունը եւ պատրաստ է իր փոխհարաբերությունները քաղաքական իշխանությունների հետ պարզել դատարանի միջոցով։ Սակայն, դատարանը որը նրա նկատմամբ կայացրեց ակնհայտ ապօրինի որոշումը ցույց տվեց, որ անկախ չէ եւ չի ենթարկվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու քրեական օրենսդրությանը, այլ կատարում է Հայաստանի քաղաքական իշխանության, այն ներկայացնող որոշակի խմբի պատվերը։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը իր վրդովմունքն է հայտնում ակնհայտ ապօրինի դատավճիռ կայացնելու կապակցությամբ։ Ընկերակցությունը պահանջում է Հայաստանի քաղաքական ղեկավարությունից Հանուն Հայաստանի Հանրապետության դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու հաշվեհարդարը, իրավական խնդիրների կարգավորման հարցերում չմիջամտել դատական ատյանների գործունեությանը, որի ապացույցը կարող է լինել քաղաքական հետապնդումների դադարեցումն ու քաղաքական հաշվեհարդարներից հրաժարվելը։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը դիմում է Նիկոլ Փաշինյանի գործի օրինականությունը քննող վերադաս դատական ատյաններին խնդրանքով եւ պահանջով չենթարկվել Հայաստանի քաղաքական իշխանությունների հրահանգներին եւ զերծ մնալ օրինախախտումներից, կայացնել օրենքին համապատասխան որոշումներ, նպաստել Հայաստանում Սահամանադրական կարգի վերականգնմանը, Դատական իշխանությունների կայացմանը։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը պահանջում է ԱՄՆ պետական դեպարտամենտից եւ Եվրախորհրդի բոլոր երկրների կառավարություններից ձեռնպահ մնալու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բոլոր տեսակի հարաբերություններից քանի դեռ Հայաստանում չեն դադարեցվել քաղաքական հետապնդումներն ու քաղաքական հալածանքներն, ակնհայտ եւ ապօրինի դատավճիռների կայացումը ոչ թե դատական ատյանների այլ երկրի քաղաքական ղեկավարության կողմից։ Ընկերակցությունը ակնկալում է վերոնշված երկրների միջամտությունը Նիկոլ Փաշինյանի շուտափույթ ազատ արձակելու խնդրում։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների համար գերակա խնդիր է Սահամանադրական կարգի վերականգնումը, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովումն ու անվտանգությունը, դատական իշխանությունների անկախությունը, օրենքի գերակայության ապահովումը, քաղաքացիների կողմից երկրի կառավարման ձեւավորման իրավունքի ամրագրումը։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, քաղաքական միավորներին, հասարակական կազմակերպություններին համսփյուռ Հայությանը, կոչով՝ պայքարելու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարված անարդարդատ դատավճռի բեկանման եւ նրա ազատման բոլոր գործընթացներին հանուն մեր բոլորիս ազատության եւ ապագայի հանուն Հայաստանի Հանրապետության։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն»

Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցություն

Այս խորագրի վերջին նյութերը