Լրահոս

11.01.2011 12:09


ՀՌԱԿ ատենապետի պաշտոնակատար. «Նոր ուժի անհրաժեշտություն մեր երկրում կա, պարտադիր է»

ՀՌԱԿ ատենապետի պաշտոնակատար. «Նոր ուժի անհրաժեշտություն մեր երկրում կա, պարտադիր է»

-2011թ. բավական բարդ տարի է լինելու, ի տարբերություն նախորդ ժամանակների։ Չեմ կարծում, որ այս անգամ իշխանությունները պետք է միասնական դեմքով հանդես գան, այդ իսկ պատճառով քաղաքական պայքարը լինելու է բավական բուռն, սուր ու անկանխատեսելի։ Եվ, ի դեպ, դա լինելու է նաև դրական գործընթացների համար,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՌԱԿ ատենապետի պաշտոնակատար Էդվարդ Անտինյանը։

Նա նշել է նաև, որ այն ընդդիմությունը, որը հույսը կորցրել է, թե իրեն երբևիցե կհաջողվի ընտրությունների միջոցով ինչ-որ դիրք գրավել, չպետք է շտապի իշխանությանն իր հավատարմության երդումն անուղղակիորեն «մեսիջների» ձևով ուղարկել, քանի որ եթե պայքարի մեջ մտնեն հավասարազոր ուժեր, դա ճանապարհ է բացում նաև ընդդիմության համար։ Նրանք, ըստ Է. Անտինյանի, այդ նույնը կարող են ստանալ արդար պայքարի միջոցով։

Հավասարազոր ուժեր ասելով՝ նա նկատի ունի, որ կան իշխանության մեջ մտնող ուժեր, որոնք իրենց սեփական կեցվածքն են դրսևորում, ինչը երևալու է նաև խորհրդարանական, այնուհետև նախագահական ընտրությունների ժամանակ.

-Խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն գործընկերներից համենայն դեպս Բարգավաճ Հայաստանը հանդես է գալու ինքնուրույն՝ իր ծրագրերով, իր թիմով, ինչն առաջացնելու է բավական լուրջ պայքար։ Եվ ոչ միայն ԲՀԿ-ն, խոսքը վերաբերում է նաև Դաշնակցությանը, որն իր մեջ ունի բավական մեծ, ազդեցիկ ռեսուրս,-ասել է ՀՌԱԿ ատենապետը և հավելել, որ Դաշնակցությունը որևէ նախընտրական տարբերակ կմտածի, այլապես կուսակցության համար այդքան էլ շահեկան չէ միայնակ գնալ պայքարի։ Երևանի ավագանու ընտրություններից հետո, նրա կարծիքով, Դաշնակցությունը պետք է հստակ հաշվարկի իր ուժերը, և ճիշտ, համախմբված տարբերակով մասնակցելու դեպքում ավելի շատ ձայն կստանա։

Ընդդիմության դաշտն առայժմ, ըստ Է. Անտինյանի, զբաղեցնում է ՀԱԿ-ը, մնացածները դեռ իրենց հայտը չեն ներկայացրել՝ առանձին տեսքով մասնակցելու, կամ մտածում են համագործակցել ՀԱԿ-ի հետ։ Նոր ուժ, ըստ նրա, դեռ չի ձևավորվել.

-Բնական բան է, որ նոր ուժի անհրաժեշտություն մեր երկրում կա, պարտադիր է, որովհետև հները մի անգամ արդեն պայքարում ցույց են տվել, որ նոր ասելիք և քայլեր չունեն, սակայն նոր ուժը դեռ չի ձևավորվել։

Նա նշել է, որ շատ ցավալի կլինի, եթե նոր ուժը չստեղծվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը