Լրահոս

28.12.2010 16:27


ԵՀՄՖ նախագահ. «Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանն, անփոփելով 2010թ արդյունքները, հանդես է եկել է հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջովին:

Տարին ավարտվեց Հայաստանի և համաշխարհային հայկական  լոբինգի համար ոչ բարենպաստ արդյունքներով: Ամենաբացասական արդյունքը Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի կոնգրես չներկայացնելու փաստն էր: Վերլուծելով պատճառները գալիս ենք այն փաստի եզրահանգմանը, որ համաշխարհային հայկական լոբինգի և հայաստանյան իշխանությունների միջև կապը այդպես էլ չկայացավ: Եթե թուրքական իշխանությունները և լոբինգը մի բռունցք դարձած աշխատեցին ցեղասպանության ժխտման վրա, դրան հակառակ ՀՀ ԱԳՆ-ը և ՀՀ նախագահը չհաշվարկած բանակցություններ սկսեցին հակառակորդ կողմի հետ և հիմնովին տապալեցին հայկական լոբինգի կողմից ծավալած տասնամյա քրտնաջան և ծանր աշխատանքները' զրոյացնելով նրանց արդյունքը: Փաստորեն ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության հարցում բոլոր ձեռքբերումները, կոտրվեց պայքարի ողնաշարը ու այսօր և եվրոպայահայ և ամերիկահայ լոբինգը պետք է որոնի ու գտնի նոր ռեսուրսներ ու եռանդ պայքարը շարունակելու համար: Այսինքն հայասատանյան իշխանությունների կողմից չհաշվարկված քայլերի արդյունքում ոչնչացվեց հայության երկուերրորդը կազմող սփյուռքի և նրա ակտիվ մաս հանդիսացող կազմակերպությունների տասնամյա աշխատանքը:

Մյուս կողմից անհամաձայնեցված և առանց միասնական ծրագրի են աշխատում հենց իրենք համաշխարհային հայկական կազմակերպություններն ու ավանդական կուսակցությունները: Ավելին,չի կատարվում ոչ մի լուրջ քայլ միասնական ծրագիր և պայքար կազմակերպելու հարցում: Չկա ոչ մի կոնսենսուս ինչպես շարունակել ցեղասպանության շուրջ պայքարը. շարունակել տարբեր երկրներում և հատկապես ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման աշխատանքները' հասկանալով, որ դրանք կարող են չավարտվել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմամբ, թե միավորել այն հսկայական ուժերը և ֆինանսները, որոնք ծախսվում են վերոհիշյալ աշխատանքների կատարման համար  և այն տրամադրել միջազգային դատարանում Թուրքիային դատի տալու վրա: Չէ որ այն ահռելի ուժն, որ պարունակում է ժամանակակից հայկական իրավաբանական միտքը և այն ֆինանսներն, որ ապարդյուն ծախսում է սփյուռքը լրիվ բավարար են միջազգային դատարանում Թուրքիային դատապարտելու և հսկայական ֆինանսական կոմպեսիացիաներ կորզելու համար: ԵՀՄՖ-ն գտնում է, որ այս ճանապարհը վստահելի է, իսկ ակնկալվող արդյունքները' հսկայական, եթե հատկապես հաշվի առնենք միջազգային իրավունքի հայ երիտասարդ մասնագետների այն հզոր բանակն, որն այսօր առկա է: ԵՀՄՖ-ի նախագահությունը կոչ է անում համախմբվել այս գաղափարի շուրջ և ստեղծել միասնական պլատֆորմ: Միասնական պլատֆորմի կարևոր մաս պետք է կազմի նաև Հայաստանը, որը սակայն հնարավոր է միայն մի դեպքում. Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն: Այս պահանջը ցավոք դարձավ պարտադիր պայման այն բանից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանի օլիգարխիկ իշխանությունները կատարում են կործանարար քայլեր, որի արդյունքում ոչ միայն ձայնազուրկ են դարձել հայ ժողովրդի հայաստանյան մասն, այլ նաև սփյուռքը: Կուտակելով ֆինանսները և ուժը ցածր ինտելեկտուալ մակարդակ ունեցող օլիգարխների ձեռքում, ոչ միայն հայ մտավորականությունը զրկվել է աշխատանքային պրոցեսներին մասնակցելու հնարավորություններից, այլև անջրպետ է առաջացել  ներդրումային պոտենցիալ ունեցող սփյուռքահայ գործարարների և մայր հայրենիքի միջև: Իսպառ վերացել է Հայաստանում ներդրումներ անելու էնտուզիազմը սփյուռքահայ գործարարների մոտ: Ավելին, հայ գործարարների միջին խավը սկսել է ներդրումներ կատարել հարևան երկրում' Վրաստանում, այդ երկրում կոռուպցիայի մակարդակի աննախադեպ նվազման պատճառով: Զանգվածային կաշառակերության ու կոռուպցիայի մակարդակով Հայաստանը դարձել է բացարձակ ոչ գրավիչ ներդրողների համար: Վերջին ամսվա ընթացքում կատարված նախարարների փոփոխություններն աչքի են ընկնում ոչ սկզբունքայնությամբ և լուրջ հույսեր չեն առաջացնում: Հայտնի է, որ «գումարելիների տեղափոխումով գումարը չի փոխվելու»: Մնում է հուսալ, որ փոփոխությունները դառնան այնքան էական, որ արդյունքը լինի դրական, մի բան որին դժվար է հավատալ: Այսպիսով ամփոփելով վերն ասվածը գալիս ենք հետեվյալ եզրահանգումների

ա. անհրաժեշտ է ստեղծել սփյուռքի և Հայաստանի միացյալ ճակատ, որը պետք է ստեղծի միացյալ կոնցեպցիա ցեղասպանության հարցի լուծման շուրջ

բ. այդ ճակատը պետք է նույնքան լրջությամբ զբաղվի Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներով' այն համարելով իրենը

գ. ճակատը պետք է միասնական կոնցեպցիա մշակի նաև արցախյան խնդրի լուծման շուրջ

դ. ողջ համաշխարհային հայությունը պետք է հստակ հասկանա, որ հայ ժողովրդի գոյատևումը կախված է վերը նշված երեք գործոնների համատեղ զարգացումից և միայն վերոհիշյալ երեք դրույթների միաժամանակյա կատարումը, հարմոնիկ զարգացումը կարող է բերել ռեզոնանսային էֆեկտի ու դառնալ հայ ժողովրդի գոյատևման գրավականը ապագայում:

Այս խորագրի վերջին նյութերը