Լրահոս

28.12.2010 13:59


Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2010թ. արդյունքները

Հայկական գիտության կենտրոններից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանը ամփոփել է իր տարին ու հաշվետվություն ներկայացրել իր գործունեության վերաբերյալ: Հայ աստղագետներին հաջողվել է ստանալ որոշ գիտական արդյունքներ, որոնք էական նորություն են և գիտական, և մեթոդական առումով:

Դրանց թվում հատուկ պետք է առանձնացնել այն նոր արդյունքները, որոնք վերաբերում են առանձին տիեզերական օբյեկտների վրա Տիեզերքի արագացող լայնացման ազդեցությանը: Բանն այն է, որ այսօր համարվում է, որ Տիեզերքի ամբողջ էներգիայի կամ նյութի ավելի քան 70 տոկոսը կենտրոնացած է այսպես կոչված մութ էներգիայի մեջ, որն էլ հենց պայմանավորում է Տիեզերքի արագացող լայնացումը: Այդ հարցի քննարկման առաջին արդյունքները վկայում են այն մասին, որ վերոհիշյալ մեխանիզմի աշխատանքի շնորհիվ տիեզերական մարմիններում կուտակվում է դրական էներգիա, որն էլ հենց դառնում է այդ մարմինների ակտիվ էներգազատման աղբյուր, և որի շնորհիվ դիտվում են ակտիվության տարբեր դրսևորումներ:

Բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացվել Արեգակի հրվիժակներում արագությունների դաշտի որոշման ուղղությամբ: Ելնելով զուտ ֆիզիկական մոտեցումներից, հաջողվել է տեսականորեն ստանալ առնչություններ, որոնց շնորհիվ կարելի է որոշել ճառագայթող տիրույթների կինետիկ ջերմաստիճանն ու, այսպես կոչված, օպտիկական հաստությունը, որը բնորոշում է նյութի քանակն ու լույսը կլանելու նրա հատկությունը:

Խնդիրների մի առանձին դաս է նաև երկնքում օբյեկտների հնարավորինս ճշգրիտ կոորդինատների որոշումը, որը այդ նույն օբյեկտների տեղաշարժերի հաշվարկման հիմքն է: Ինչ վերաբերում է օբյեկտների տեղաշարժերի կամ արագությունների մեծ ճշտությամբ որոշմանը, ապա անհնար է գերագնահատել այդ բնագավառում ցանկացած առաջընթացի նշանակությունը: Հաճախ հենց նման խնդիրների վրա է խարսխված տիեզերական օբյեկտների ու դրանց համակարգերի էվոլյուցիոն առանձնահատկությունների պարզաբանումը: Ահա, հենց այս բնագավառում էլ առաջարկվել և կիրառվել է նոր մեթոդ, որն աչքի է ընկնում իր աննախադեպ ճշգրտությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը