Ադրբեջանի «Ֆավորիտը». որտե՞ղ են ադրբեջանական Ս-300-ները
Առաջին անգամ Ադրբեջանը ցուցադրեց իր Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը 2011թ․ հունիսի 26-ին՝ Բաքվում զորահանդեսին։ Այն ժամանակ ցուցադրվեցին արձակման 5П85ТЕ2 երեք կայաններ, տեղափոխման և լիցքավորման 5Т58 երկու կայաններ ու լուսավորման և ուղղորդման 30Н6Е2 մեկ ռադիոլոկատոր։
Ըստ ռուսական «Զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների` Ադրբեջանը Ռուսաստանից գնել է Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ 2 դիվիզիոն, յուրաքանչյուրում 8-ական արձակման կայան։ Շուրջ 300 մլն դոլար արժողությամբ գործարքը կնքվել է 2007թ․, իսկ մատակարարումները սկսվել են 2011թ․։ Համանման տվյալներ է հաղորդում նաև «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտը» (SIPRI) այն տարբերությամբ, որ գործարքի կնքման տարեթիվ է նշվում 2010 թվականը։
Ադրբեջանական Ս-300-ների տեղակայման վայրը որոշ ժամանակ անհայտ էր։ Ենթադրվում էր, որ դրանք կտեղակայվեն Բաքվի մերձակայքում՝ պաշտպանելու համար Ադրբեջանի մայրաքաղաքը, նավթային ու ռազմական ենթակառուցվածքները հայկական հրթիռներից։ Չէր բացառվում նաև, որ Ֆավորիտները կփոխարինեն խորհրդային Ս-200 ԶՀՀ-ներին և համապատասխանաբար կտեղակայվեն Բաքվում ու Մինգեչաուրում։
Զորահանդեսից մեկ տարի անց՝ 2012 թ․ արված արբանյակային լուսանկարներում Ս-300ՊՄՈւ-2 մեկ դիվիզիոն հայտնաբերվեց Բաքվից մոտ 45 կմ հյուսիս-արևմուտքում, որտեղ նախկինում Ս-75 ԶՀՀ լքված դիրք էր։ Դիվիզիոնը բաղկացած էր երկու մարտկոցից, յուրաքանչյուրում՝ 4-ական արձակման կայան։ Հարկ է նշել, որ այդ տարածաշրջանը հագեցած է արդյունաբերական ու ռազմական նշանակության օբյեկտներով։ Մոտակայքում են գտնվում Ադրբեջանի հիմնական ռազմական ավիաբազաներից մեկը՝ «Նասոսնայա» ավիաբազան, «Սիթալ-չայի» ավիաբազան, ռազմամթերքի Գիլյազիի ռազմավարական ու Նասոսնիի շրջանային պահեստները ևն։
Սակայն արդեն 2014 թ․ լուսանկարներում այդ դիրքերը դատարկ են։ Այդ և ավելի ուշ արված արբանյակային լուսանկարներում չեն երևում ոչ միայն արձակման կայանները, այլև ռադիոլոկատորներն ու անգամ դիզելային գեներատորները, թեպետ, դիրքի ինժեներական կառույցները պահպանվում են։ Այդ դիրքի հետագա ճակատագիրը դեռևս պարզ չէ։ Հնարավոր է, որ այն դիտարկվում է որպես պահուստային դիրք կամ նախատեսվում է ընդլայնվել։
2013 թ․ ապրիլից Բաքվի Սուրախանի շրջանում տեղակայված զենիթահրթիռային բրիգադի տարածքում, որտեղ նախկինում գտնվում էին հնացած Ս-75 ԶՀՀ արձակման կայաններ և այլ հանգույցներ, սկսվում են կատարվել ինժեներական աշխատանքներ։ Բրիգադի տարածքում տեղ է հատկացվում ԶՀՀ մարտկոցի համար, իսկ արդեն 2014 թ. երկրորդ կեսին այդ վայրում հայտնվում է Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ երկու մարտկոց՝ արձակման 4-ական մեքենայով։ Մարտկոցների այդ տեղը ժամանակավոր էր ու ինժեներական առումով լիարժեք կահավորված չէր։ Մարտկոցներից մեկը 2015-ի հունիսից հետո այլևս այդ տեղում չի երևում:
Նույն 2014 թ. լուսանկարներում երևում է, որ բրիգադի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում, որոնց հիմնական մասը 2015 թ․ կարծես թե ավարտվում է։ Ներկայումս այդ տարածքում կառուցված է Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ մեկ մարտկոցի մարտական դիրք, որում տեղակայված են արձակման 4 կայան։
Զուգահեռաբար, նույն 2014թ․, Բաքվից արևմուտք ընկած Հյոքմելի բնակավայրին կից բլուրի վրա սկսվում է կառուցվել ԶՀՀ նոր տեղակայման վայր: 2015 թվականի մայիսի վերջից արբանյակային լուսանկարներում արդեն երևում է Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ-ի մեկ մարտկոց: Սա որոշակի հիմք է տալիս ենթադրելու, որ Հյոքմելիում տեղակայվել է հենց Սուրախանիից «կորած» երկրորդ մարտկոցը։
2011-2015թթ. ընթացքում Ադրբեջանը Բաքվի Ղարադաղի շրջանում տեղակայված ՀՕՊ բրիգադի տարածքում սկսում է կառուցել նոր խոշոր զորամաս՝ հարևանությամբ գտնվող Ադրբեջանի ռազմածովային ուժերի բազայի համար։ Սակայն ՌԾՈւ նորակառույց զորամասի հարևանությամբ դեռևս որոշակի շինարարական անավարտ աշխատանքներ կան, և հնարավոր է, որ այս տարածքում հետագայում դեռ հայտնվեն ՀՕՊ մարտկոցներ, այդ թվում՝ միգուցե նաև Ս-300ՊՄՈւ-2։
Առանձին քննության է արժանի Ադրբեջանում Ս-300ՊՄՈւ-2-ների քանակի հարցը։
Ինչպես նշվեց, զենքի առևտրի հետազոտությամբ զբաղվող ռուսական ЦАМТО ու շվեդական SIPRI կազմակերպությունները համարում են, որ Ադրբեջանը գնել է 2 դիվիզիոն՝ ընդհանուր 16 արձակման կայանով։ Սակայն արբանյակային լուսանկարներում ժամանակի նույն պահին միաժամանակ երևում է ոչ ավել քան 8 արձակման կայան՝ բաշխված երկու մարտկոցներում։
Ինչպես տեսանք վերևում, սկզբում 2 մարտկոց տեղակայվել էր Բաքվից 45 կմ հյուսիս-արևմուտք, ապա դրանք հեռացվեցին այնտեղից, որից հետո 2 մարտկոց տեղակայվեց Սուրախանիում, ապա 1 մարտկոցն այնտեղից «անհետացավ», ինչից հետո 1 մարտկոց հայտնվեց Հյոքմելիում։
Եթե այս փաստն ընդունենք որպես հիմք, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իրականում ձեռք է բերել ոչ թե 2 դիվիզիոն, այլ 2 մարտկոց, չնայած ЦАМТО-ի և SIPRI-ի զեկույցների:

Մանրամասները՝ razm.info-ում։