Աշխարհ

18.10.2017 09:23


Թուրքիան կրկին զրոյից է սկսում «Ալթայ» տանկի շարժիչի նախագծման փորձերը

Թուրքիան կրկին զրոյից է սկսում «Ալթայ» տանկի շարժիչի նախագծման փորձերը

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) «Ալթայ» տանկի շարժիչի համար նոր մրցույթ է հայտարարել: Մրցույթը շահողը պարտավոր է հենվել միայն տեղական ընկերությունների վրա և չաշխատել արտասահմանյանների հետ: ՊԱԳՎ-ն հրապարակել է մրցույթի ամբողջական կանոնները:

Թուրքիայի ՊԱԳՎ հաղորդագրությունում նշվում է, որ տանկի շարժիչներով զբաղվող ընկերությունը չպետք է կախված լինի արտասահմանյան ընկերություններից և արտահանման արտոնագրերից անկախ լինի:

«Ալթայի» շարժիչների համար Թուրքիան ցանկանում է հենվել բացառապես սեփական արտադրական և նախագծային ներուժի վրա:

Թուրքիան տարիներ շարունակ փորձում է արտադրության դնել հարավկորեական K2 Black Panther տանկի սեփական տարբերակը՝ «Ալթայ» տանկը: Այս հարցում հիմնական խնդիրը շարժիչն է, որի խնդիրը Թուրքիան տարիներով չի կարողանում լուծել:

2017 թ. մարտին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղյալ էր հայտարարել շարժիչների արտադրության շուրջ տեղական «Թյումոսան» ընկերության հետ շուրջ 190 մլն եվրոյի պայմանագիրը: Հիմնական խնդիրն այն էր, որ «Թյումոսանը» փորձում էր նախագծման աշխատանքներում ներգրավել ավստրիական AVL List ընկերությանը: Սակայն 2016 թ. Ավստրիայի կառավարության՝ Թուրքիայի նկատմամաբ դրած արգելքներից հետո այդ ընկերությունը հրաժարվել էր ստորագրված պայմանագրի կատարումից:

Մինչ այդ Թուրքիան քանիցս փորձել էր շարժիչների շուրջ համաձայնության գալ գերմանական MTU ընկերության, ճապոնական ընկերության հետ ևն: Մասնավորապես Գերմանիայի հարցում կրկին խանգարել էին Թուրքիային որոշակի զենքեր արտահանելու արգելքները, շարժիչի տրամադրման դեպքում վերաարտահանման սահմանափակումները:

2017 թ. մարտին «Ուկրօբորոնէսքպորտ» ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Անկարայում Թուրքիայի և Ուկրաինայի վարչապետները ստորագրել են «Ալթայի» համար ուկրաինական շարժիչներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ըստ երևույթին ուկրաինական շարժիչըևս չի հասնի «Ալթային»:

Այսպիսով՝ երկար փորձերից հետո Թուրքիան փորձում է տանկի շարժիչները բացառապես սեփական ուժերով արտադրել: Այժմ պարզ չէ, թե այս գործընթացը ինչ արդյունք կտա, սակայն տանկերի հնարավոր արտադրությունը առնվազն ևս մի քանի տարով կհետաձգվի:

Ավելացնենք, որ 2017 թ. հունիսին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկեց «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Թուրքական կողմը ներկայում դեռևս չի գտել նաև տանկը սերիական արտադրության դնելու պատրաստ նոր ընկերություն:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը