Տնտեսական

17.10.2017 15:31


Դավիթ Հարությունյանը չի բացառել, որ կարող են հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից

Դավիթ Հարությունյանը չի բացառել, որ կարող են հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից

Հայաստանի կառավարության ներկայացուցիչն առաջին անգամ հրապարակավ չի բացառում, որ իշխանությունները կարող են հրաժարվել նոր ատոմակայանի կառուցուման գաղափարից: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի տեքստը հրապարակվեց օրերս, առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով:

Այսօր, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք կառավարությունը մտադի՞ր է հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման մտադրությունից, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, և ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Որ՞ ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»:

Ճշտող դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքեց․ «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը և կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու և որոշելու ենք, հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների, այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը