Աշխարհ

16.10.2017 19:07


Փեշմերգան Քիրքուքը «կորցնելու» մեջ մեղադրում է «դավաճան քրդերին»

Փեշմերգան Քիրքուքը «կորցնելու» մեջ մեղադրում է «դավաճան քրդերին»

Իրաքի Քրդստանի զինված ուժերի՝ Փեշմերգայի, կենտրոնական հրամանատարությունը Քիրքուքի վրա հարձակումը ընդունում է որպես «պատերազմի բացահայտ հայտարարություն», ինչպես նաև դրանում մեղադրում պրոթալաբանիական որոշ պաշտոնյաների: Փեշմերգայի հայտարարությունը փոխանցում է քրդական Rudaw լրատվական գործակալությունը:

Հայտարարությունում Փեշմերգայի հրամանատարությունը Քիրքուքի վրա Իրաքի զինուժի և Իրանի աջակցությամբ գործող «Հաշդ աշ-Շաաբի» ջոկատների հարձակմանը օժանդակելու համար մեղադրել է «Քրդստանի հայրենասիրական միության» (ՔՀՄ) կուսակցության (Սուլեյմանիե, պրոթալաբանիական) որոշ պաշտոնյաների:

Ըստ Փեշմերգայի կենտրոնական հրամանատարության՝ տվյալ քուրդ պաշտոնյաները «մեծ և պատմական դավաճանություն» են գործել՝ անհրաժեշտ դիմադրություն չցուցաբերելու և իրենց առաջնորդին (ՔՀՄ հրամանատարի) մենակ թողնելու մեջ:

Իրաքյան Քրդստանի տարածքը հիմնականում փաստացի բաժանված է երկու ընտանիքների՝ Բարզանիների (Կենտրոնը՝ Էրբիլ, քաղաքական մարմինը՝ «Քրդստանի դեմոկրատական կուսակցություն») և Թալաբանիների (կենտրոնը՝ Սուլեյմանիե, քաղ. մարմինը՝ ՔՀՄ) ընտանիքների միջև: Երկու ընտանիքները սատարում էին Քրդստանի անկախության հանրաքվեն, սակայն հոկտեմբերի 3-ին Թալաբանիների առաջնորդ Ջալալ Թալաբանիի մահից հետո, հնարավոր է, որ անկախության հարցում Սուլեյմանիեյի, կամ առնվազն Թալաբանիների մի մասի դիրքորոշումը փոխվել է:

Հարձակումը որակվում է որպես «քուրդ ժողովրդի դեմ պատերազմի բացահայտ հայտարարություն», և կոչ է արվում «իսկական Փեշմերգային» հնարավոր ամեն կերպ դիմադրել: Հարձակման գլխավոր պատասխանատվությունը դրվում է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի և նրա կառավարության վրա: Փեշմերգան սպառնում է, որ «նրանք թանկ են վճարելու»:

Փեշմերգան հարձակմանը օժանդակելու համար մեղադրում է նաև Իրանին:

Նշվում է նաև, որ «Հաշդ ալ-Շաբի և Իրաքի զինված ուժերը հարձակվել են ԱՄՆ տրամադրած զենքերով, որոնք հատկացվել էին ԻՊ դեմ պայքարելու համար, իսկ Փեշմերգան, որը նույնպես պայքարում է ԻՊ դեմ, անհարժեշտ զենքերը չի ստացել ահաբեկիչներից պաշտպանվելու համար»: (Նշենք, որ ինչպես մարզումներով, այնպես էլ զենք զինամթերքի մատակարարումներով ԱՄՆ-ն աջակցել է նաև Փեշմերգային՝ ԻՊ դեմ պայքարի համար):

Հիշեցնենք, որ Իրաքի զինուժը հոկտեմբերի 16-ին լայնածավալ գործողություններ է սկսել նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուքը քրդերից գրավելու համար: Իրաքյան կողմից հայտնում են, որ արդեն գրավել են մի շարք կարևոր շրջաններ, այդ թվում՝ խոշոր գազային ընկերություն:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը