Աշխարհ

14.10.2017 11:32


Իսրայելը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը (տեսանյութ)

Իսրայելը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը (տեսանյութ)

Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կազմակերպության հակաիսրայելական կանխակալ մոտեցումներն ու 2011 թվականից ի վեր կուտակած 600 մլն դոլարի պարտքն է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու հիմնական պատճառը: ԱՄՆ-ի անդամակցությունը կդադարեցվի 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

ԱՄՆ-ը դադարեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դեռ 2011 թվականին, ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունից հետո: Իսրայելը, ողջունելով ԱՄՆ-ի այս որոշումը, արդեն հայտարել է, որ Իսրայելը նույնպես դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից:

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր վարչությունում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Հեգադորնը նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու երկու հիմնական պատճառները.

«Պատճառներից մեկը 2011 թվականից ի վեր ԱՄՆ-ի կուտակած մեծ պարտքն է, իսկ մյուս պատճառը, ցավոք սրտի, կազմակերպության կողմից ցուցաբերվող հակաիսրայելական կանխակալ մոտեցումներն ու քաղաքականացված լինելու հանգամանքը»:

ԱՄՆ-ը բազմիցս կոչ է արել ՄԱԿ-ի մշակութային թևը հանդիսացող կազմակերպությունում հիմնարար բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին:

«Մենք ցանկանում ենք, որ այն ապաքաղաքական կառույց լինի, մինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակաիսրայելական, կողմնակալ դիրքորոշում է որդեգրել, ինչին պետք է վերջ դրվի: Այդ պատճառով ԱՄՆ-ն, երկար քննարկումներից հետո, որոշել է դուրս գալ կազմակերպությունից»,-հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հեթեր Նուերթը:

Այս տարվա հուլիս ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի կողմից գրավված Հեբրոնի հին քաղաքը ճանաչել էր որպես վտանգված պաղեստինյան մշակութային ժառանգություն, իսկ 2015 թվականին քննադատել էր Իսրայելին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող մշակութային կոթողներին պատշաճ ուշադրություն չցուցաբերելու համար, որը, իհարկե, Իսրայելում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի ողջունել է ԱՄՆ-ի որոշումը ու նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածվել է «աբսուրդի թատրոնի»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան արձագանքել է կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը.

«Ցավում եմ, որ ԱՄՆ-ը դուրս գալով հրաժարվում է սատարել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կազմակերպության առաքելությանը հատկապես տվյալ ժամանակաշրջանում, երբ դաժան ծայրահեղականությունը ստիպում է ավելի մեծ ներդրումներ կատարել կրթության ոլորտում և մշակութային երկխոսություն սկսել ատելության կանխարգելման համար»,-ասված է Իրինա Բոկովայի հայտարարության մեջ։ Բոկովան ավելացրել է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միշտ պայքարել է հակասեմիտիզմի դեմ և հարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նախկինում դուրս էր եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից 1984թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի օրոք և վերականգնել իր լիիրավ անդամակցությունը 2003թվականին՝ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ:

ԱՄՆ-ի կազմակերպությունից դուրս գալը համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենի ընտրությունների հետ:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը