Աշխարհ

14.10.2017 08:53


ԱՄՆ նախագահի լարված ու անհանգիստ ժամանակները (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի լարված ու անհանգիստ ժամանակները (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար շատ լարված ու անհանգիստ ժամանակներ են սկսվել, երբ նրան մեղադրում են Իրանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարած քաղաքականության, ինչպես նաեւ` երկրի ներքին հարցերը լուծելու գործում առաջ եկած փակուղային իրավիճակի համար:

Փենսիլվանիայում անցկացված հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը բողոքում էր, որ դեռեւս չեն գնահատում իր ձեռքբերումները. «Չնայած այն հանգամանքին,-ասում էր նա,-որ մեր երկիրն արդեն վերագտնում է իր ինքնավստահությունը, ինչին սպասել է երկար տարիներ»:

Թրամփն անցնող շաբաթ հայտնվեց սենատոր Բոբ Քորքերի մեղադրանքների ներքո, եւ հարձակումներ գործեց ընդդեմ մամուլի` հայտարարելով. «Զզվելի է, թե ինչպես է մամուլը կարողանում գրել այն, ինչ ուզում է: Ու մարդիկ ստիպված են լինում կարդալ այդ ամենը»:

Թրամփն այս պահին իր համար ամենակարեւոր գործը համարում է հարկային բարեփոխումների ծրագրում հաղթանակի գրանցումը: Նրա ծրագրին դեմ են դեմոկրատները:

Ինչպես սենատոր Չաք Շումերն է ասում. «Ճիշտ չէ, թե հարկային կրճատումները բխում են միջին դասի շահերից: Այդ կրճատումները գործելու են հօգուտ հարուստների»:

Ինչպես Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչներից Ջոն Ֆիհըրին է ասում, «Թրամփը շարունակում է հենվել բնակչության իր հավատարիմ շրջանակների վրա, նրանց, որոնց շրջապատում մամուլը չի վայելում վստահություն»:

Սակայն նրա համար ամենամեծ խնդիրն այն է, որ մամուլը չի սիրում իրեն, ասում է փորձագետը: «Նրան չեն սիրում իր իսկ Հանրապետական կուսակցությունում, նրան ատում են դեմոկրատները եւ այս պայմաններում շատ դժվար է վստահություն ձեռքբերելը»:

Բայց չի կարելի անտեսել այն մեծ զանգվածը, որը կանգնած է Թրամփի կողքին: Այս մասին է ասում Ջորջ Մեյսընի համալսարանի դասախոսներից Մեթյու Դալեքը: «Նրա կողմն է ընտրողների 38 տոկոսը, գումարած հանրապետականների 80 տոկոսը: Եվ անհավանական է, որ նշված հանրապետականները հրաժարվեն նրանից ու մարտահրավեր նետեն նրան»:

Սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ Թրամփն արդեն իսկ կորցրել է իր նկատմամբ աջակցությունը մի քանի կարեւոր նահանգներում, այդ թվում` Փենսիլվանիայում:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը