Աշխարհ

13.10.2017 20:19


Թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառով Ստամբուլի բորսայի ինդեքսը նվազել է 2․3 տոկոսով

Թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառով Ստամբուլի բորսայի ինդեքսը նվազել է 2․3 տոկոսով

Թուրք-ամերիկյան ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել երկու երկրների ֆինանասական հարաբերությունների վրա։

Թուրքական «Ekonomi haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մինչև վիզաների դադարեցումը դոլարի փոխարժեքը հավասար էր 3․58 թուրքական լիրայի, իսկ ճգնաժամի ամենալարված պահերին այդ ցուցանիշը հասել էր անգամ մինչև 3․92 լիրայի։

Ճգնաժամը կտրուկ տատանումներ է առաջացրել նաև Ստամբուլի բորսայում․ բորսայի ինդեքսը կտրուկ նվազել է 2․3 տոկոսով, իսկ պարտատոմսերի տոկոսադրույքները հասել են մինչև 12․43 տոկոսի։ Այս ամենի պատճառը քաղաքական խնդիրների հետևանքով ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների մոտ իրենց թուրքական ներդրումների համար առաջացած մտահոգությունն է։

Թուրքիայում ԱՄՆ-ի կողմից կատարված ուղղակի նեդրումների, գնված պետական պարտատոմսերի, Ստամբուլյան բորսայում ունեցած բաժնետոմսերի, թուրքական բանկերին և ընկերություններին տրված պարտքերի ընդհանուր արժողությունը կազմում է 58․1 մլրդ դոլար։ Իսկ Թուրքիան իր հերթին ԱՄՆ պետական և մասնավոր սեկտորում ունի 56․7 մլրդ դոլարի կարողություն։

Միայն Ստամբուլյան բորսայում ԱՄՆ-ին պատկանող բաժնետոմսերի ընդհանուր արժեքը 73․1 մլրդ լիրա է կամ շուրջ 20․8 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը հավասար է բորսայում օտար ներդրումների (52 մլրդ դոլար) գրեթե կեսին։ Ստամբուլյան բորսայում ամենամեծ բաժնեմաս ունեցող երկրորդ պետությունը Անգլիան է (9 մլրդ դոլար)։

2002-2017թթ․ ընթացքում ԱՄՆ-ից Թուրքիայում կատարված ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 11․3 մլրդ դոլար։ Այսպիսով, ԱՄՆ-ը Թուրքիայում ամենաշատ ուղղակի ներդրումներ կատարող երկրորդ երկիրն է՝ Հոլանդիայից հետո։ ԱՄՆ բանկերի ու հիմնադրամների կողմից թուրքական բանկերին ու մասնավոր սեկտորին տրված վարկերի ընդհանուր արժեքը կազմում է 19․9 մլրդ դոլար։

Թուրքիան ԱՄՆ-ում ունի 454 մլն դոլարի պարտատոմսեր, 301 մլն դոլարի բաժնետոմսեր, իսկ Թուրքիայից ԱՄՆ-ում կատարված անմիջական ներդրումների ընդհանուր արժեքը հավասար է 1․625 մլրդ դոլար։ Թուրքիայի քաղաքացիների կողմից օտար երկրներում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 31 մլրդ դոլար։ Իսկ Թուրքիայի կողմից գնված ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի ընդհանուր արժեքը հասնում է 54․3 մլրդ դոլարի։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը