Լրահոս

28.12.2010 10:58


Ստեփան Դանիելյան. ««Ազգայնական» Հանրապետական կուսակցությունն այլևս ամորձատվել է այդ քայլով»

Ստեփան Դանիելյան. ««Ազգայնական» Հանրապետական կուսակցությունն այլևս ամորձատվել է այդ քայլով»

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, «religions.am» կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ 2010թ. կարելի է համարել 2008թ. նախագահական ընտրությունների ավտոշոկերի ավարտի և 2012թ. խորհրդարանական ընտրությունների սկզբի տարի, այսինքն՝ այդ երկու ընտրությունների բաժանարար գիծ:

-Այս տրամաբանության մեջ էլ պետք է փորձել վերլուծել քաղաքական դաշտի, տնտեսության, անգամ առանձին վերցրած քաղաքական, հասարակական գործիչների կերպարանափոխությունները: Իշխող խմբավորումը երկու կարևոր՝ միմյանց բացառող խնդիրներ ունի լուծելու: Առաջին՝ ապահովել Հանրապետական կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում և երկրրորդ՝ ստեղծել հիմքեր հետագայում այդ կուսակցության լուծարման համար: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններն ընդունելը ոչ միայն պատմության մեջ կմնա որպես ցնցող հակապետական քայլ, այլև հիմք է տալիս լուծելու իշխող խմբավորման առջև կանգնած այդ երկրորդ խնդիրը՝ «ազգայնական» Հանրապետական կուսակցությունն այլևս ամորձատվել է այդ քայլով, և այդ անսեռ կառույցի հետ իշխող խմբավորումը կարող է կատարել ցանկացած գործողություն,-տարին ամփոփելով՝ ասել է Ս. Դանիելյանը:

Նրա համոզմամբ՝ բաց է մնում կարևոր ներքաղաքական հարցը՝ ո՞ր կուսակցությունն է իրապես կարողանալու 2012թ. ընտրությունների ժամանակ ընդդիմանալու իշխանություններին.

-Այս հարցը, իմ կարծիքով, 2011թ. լինելու է ներքաղաքական զարգացումների հիմնական ինտրիգը: 2011թ. հնարավոր է, որ գործող կառավարությունը վերջնականապես տապալի Հայաստանի տնտեսությունը, որի հետևանքով նոր կառավարություն կազմելու խնդիր առաջանա: Կառավարության փոփոխությունն այս պահին անհավանական է համարվում, սակայն տնտեսության վիճակը նույնպես ծայրահեղ վատ է: Նաև ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի ջանքերով բացված հայ-թրքական «ճակատում» այս տարի խաղաղություն կտիրի, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը համակարգային փակուղում է հայտնվել: Դժվար է երևակայել, թե Մինսկի խմբի համանախագահները 2011թ. ի՞նչ նոր «էլեմենտներ» են կարողանալու հնարել հետագա քննարկումների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը