ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Ադրբեջանում տիրող կացությունը
Մի քանի ժամից Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի մասնակիցները կքննարկեն Ադրբեջանում տիրող կացությունը: Այսօրվա նիստի օրակարգում Ադրբեջանին վերաբերող միանգամից երկու բանաձևի նախագիծ է ընդգրկված:
Դրանցից առաջինի հեղինակներն են ԵԽԽՎ Ադրբեջանի գծով զեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շենախը և ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան:
«Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15-կետանոց բանաձևի նախագծում դրա հեղինակները մի շարք խնդիրների վրա են կենտրոնանում, մասնավորաբար՝ մատնանշելով այն ճնշումները, որոնց թիրախում են հայտնվել անկախ լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու Ադրբեջանի արտախորհրդարանական ընդդիմությունը:
Ուշագրավ է, սակայն, որ անդրադառնալով ադրբեջանական բանտերում գտնվող քաղաքական գործիչների, լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների ճակատագրին` բանաձևի հեղինակները օգտագործում են «այսպես կոչված քաղաքական բանտարկյալներ» ձևակերպումը:
Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները կոչ են անում վերանայել բանտարկյալների այդ խմբի գործերը` հատուկ ընդգծելով նրանցից մի քանիսի` «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի, Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլիի, ՆԻԴԱ երիտասարդական շարժման ակտիվիստ, բլոգեր Իլքին Ռուստամզադեի, ավելի քան 10 տարի բանտում գտնվող Սայիդ Դադաշբեյլիի, լրագրող Մեհման Հուսեյնովի անունները:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները նաև կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վերջին տարիներին կայացված 120 վճիռները, որոնք պաշտոնական Բաքվի կողմից կամ անտեսվել են, կամ էլ մասնակիորեն են կատարվել:
Այսօր քննարկվելիք և Ադրբեջանին վերաբերող մյուս բանաձևի հեղինակը բելգիացի Ալան Դեստեքսն է: «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի առավել ուշագրավ հատվածը վերաբերում է Ադրբեջանի շուրջ վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալին:
«2012-2014 թվականներին փողերի լվացման լայնամասշտաբ սխեմաների կիրառման և դրանց միջոցով Վեհաժողովի անդամների գործունեության վրա ազդելու մասին տեղեկությունները լրջորեն մտահոգում են ԵԽԽՎ անդամներին: Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ կերպով այս մեղադրանքների առթիվ անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել` լիարժեքորեն համագործակցելով միջազգային կառույցների հետ», - նշված է Ալան Դեստեքսի հեղինակած բանաձևի նախագծում:
Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը հավանություն էր տվել բելգիացի պատգամավորի հեղինակած այս բանաձևի նախագծին:

Աղբյուրը՝ Ազատություն