Լրահոս

28.01.2010 14:49


Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարոնա՛յք  գեներալներ, սպաներ, զինվորներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա կապակցությամբ։

Հայոց բանակի կազմավորումն ու կայա­ցումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջեւ։ Պե­տա­կանության կորստի, ուրեմն եւ բանակի բա­ցակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել՝ սկսած միջ­նադարից մինչեւ 1915 թվական, մինչեւ Սում­գայիթ, Կիրովաբադ ու Բաքու։ Հայոց բանա­կը հայ ազգի արժանապատվությունն է։

Այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին եւ մասնավորապես այն կամավորներին, որ պի­տի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի։ Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենի­քի եւ ազատության զոհասեղանին։ Հավերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։

Պատերազմի բերած արյան ու արցունք­ների մեջ, կրակների մեջ ծնվեց Հայկական բանա­կը, որ շարունակում է զարգանալ ու հզորա­նալ։ Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշ­խիքն է, որ ապահովում է մեր գոյու­թյունն ու ընթացքը  եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ։

Առանց մարտունակ զինված ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հավասարակշռություն, ուրեմն եւ՝ խաղա­ղու­թյուն ու կայունություն։ Մեր բա­նակի դերն այսօր չի սահմանափակվում միայն երկրի սահմանների պաշտպա­նու­թյամբ։ Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տար­բեր ուղղություններով, որոնք լուծվում են հաջողությամբ։

Հարգելի՛ զինվորներ եւ սպաներ,

Այս օրը պետական ու համաժողովրդա­կան լինելուց բացի նաեւ ձեր մասնագիտական տոնն է։ Մասնագիտություն, որ առանց չափազանցության կարելի է հա­մարել առա­քե­լություն ու կոչում՝ արժանիորեն շարունա­կելու հայոց զինուժի պատմական հաղթա­նակների երթը։

Ձեր գերխնդիրն է ապահովել հայրենիքի անվտանգությունը։ Ձեր մասնագիտական բարձր որակներով, արդի տեխնիկական միջոցներին կատարե­լապես տիրապետելու հմտությամբ, բարոյակամային հատկանիշ­ներով ու հայրե­նա­սիրա­կան խրոխտ կեցվածքով դուք հուսալիորեն կանգնած եք ցանկա­ցած ոտնձգու­թյան դեմ։ Եվ որեւէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հա­կա­հարվածներ, նաեւ մեծ անակնկալ­­ներ սպա­սի Հայկական բանակից. չհասկանալ սա' առնվազն միամտություն է:

Մարդկանց, ազգերի ու պետությունների իրա­վունք­ները հարգող յուրա­քանչյուր նոր­մալ երկրի համար ամենամեծ հաղթանակը պատե­րազմը կան­խելն է։ Դուք դա ա­նում եք լիար­ժեքորեն, պատվախնդիր կերպով եւ վայելում եք մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը։

Կրկին շնորհավորելով այս փառապանծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղու­թյուն, որ մեր ժողովուրդը շարունակի իր խա­ղաղ աշխա­տանքն ու արարումը' հանուն Հա­յաս­տանի հզորացման եւ վերելքի։

Փա՛ռք Հայկական բանակին,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Այս խորագրի վերջին նյութերը