Լրահոս

27.12.2010 17:28


Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմի հեղինակները փորձում են այն առաջատար երկրների մեծ էկրաններ հանել

Մոսկվայում կայացել է «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանող խմբի ղեկավարների մամուլի ասուլիսը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող կինոնկարը արդեն հասցրել է քննարկման առարկա դառնալ ինչպես Հայաստանում և Ադրբեջանում, այնպես էլ Մոսկվայի հայ և ադրբեջանական համայնքների շրջանում: Հիշեցնենք, որ կինոնկարը հիմնված է միևնույն հորում հայտնված հայի և ադրբեջանցու հոգեբանական դրամայի վրա:

Պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը նշեց, որ նկարահանումների առաջին օրվանից ֆիլմը գտնվում է ինչպես ռուսական, այնպես էլ հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Խոսելով լրատվամիջոցների կողմից ֆիլմի բովանդակության ոչ կոռեկտ լուսաբանման մասին, Պողոսյանն օրինակ բերեց ադրբեջանական 1news.az գործակալությունը, որն արդեն երկու շաբաթ է' գտնվում է իրական հիստերիայի վիճակում: «Անցած շաբաթ մենք տարածեցինք հայտարարություն, որով մեղադրեցինք այդ գործակալությանը իրականությունը խեղելու և կինոնկարն արատավորելու մեջ, ինչից հետո 1news.az-ում մի հոդված հրապարակվեց, որում առկա վիրավորանքներն ու պիտակավորումներն առավել նման էին շուկայի վաճառողի մենախոսությանը, քան' ադրբեջանական առաջատար լրատվական գործակալություններից մեկի լրագրական նյութի»,- հայտարարեց Պողոսյանը: «Նման ցինիկ պահվածքը ոչ միայն հակասում է ժուռնալիստական էթիկայի կանոններին, այլև ծիծաղելի վիճակի մեջ է դնում սեփական լսարանի առջև առաջին հայացքից լուրջ թվացող տեղեկատվական ռեսուրսը: Նկարահանող խումբը պահանջում է ադրբեջանական գործակալությունից հրապարակավ ներողություն խնդրել նման սադրանքի համար»:

 

Ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանն էլ նշեց, որ, հետևելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին վերաբերող տեղեկատվությանը հաջորդած բուռն արձագանքին, ֆիլմի հեղինակները որոշել են դրա լայնամաշտաբ քարոզչությունը կազմակերպելու նպատակով, ամանորյա տոներից հետո, աջակցության խնդրանքով դիմել հանրությանն ու խոշոր գործարարներին: «Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, ծրագրում ենք Ռուսաստանից, Հայաստանից և Ադրբեջանից բացի, «Ընդհատված երգի» պրեմիերան կազմակերպել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի,  Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և Բալկանյան թերակղզու մի շարք երկրների մեծ էկրաններին: Արտերկրում պրեմիերաների և ցուցադրությունների կազմակերպումը մեծ ծախսեր է ենթադրում, որոնք, ցավոք, մեր ուժերով ի վիճակի չենք հոգալ»:

Արիկ Մանուկյանը հայտնեց նաև, որ բոլոր շահագրգիռ անձանց կտրամադրվեն ֆիլմի սցենարական պլանն ու կինոնկարին առնչվող այլ նյութեր: Միջոցների հավաքմանն ուղղված ակցիայի սկիզբը նախատեսվում է հայտարարել հունվարի վերջին:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» նկարահանվում է 21-30 տարեկան մի շարք մոսկվայաբնակ հայերի միջոցներով:

Այս խորագրի վերջին նյութերը