Լրահոս

27.12.2010 15:34


Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետը մեղադրվում է յուրացում կատարելու մեջ

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետը մեղադրվում է յուրացում կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  Ա. Ատոնյանը, ով աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես գործակալության պետ, և հանդիսանում է «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն, Ֆրանսիայի  Հանրապետության ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի ներկայացուցիչ Բ. Ֆեյների հետ 2008թ. հուլիսի 10-ին կնքել է փոխըմբռնման հուշագիր:

Համաձայն այդ հուշագրի և ի լրումն դրա հետագայում կազմված արձանագրությունների՝  նախատեսվել է Վայոց Ձորի մարզում երկկողմանի ֆինանսավորմամբ կառուցել նորագույն սեյսմիկ կայանների ցանց:

Սեյսմիկ կայանների վերոնշյալ ցանցը կառուցելու համար ֆրանսիական կողմի ներկայացուցիչները, հակառակ սկզբնական պայմանավորվածության, ստանձնել են ծրագրի լրիվ ֆինանսավորումը  և 2009թ. օգոստոսի 27-ին աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի մի մասը՝ 37 466 800 ՀՀ դրամին համարժեք 70 000 եվրոն, փոխանցել են Ա. Անտոնյանի ղեկավարած «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվեհամարին:

Նախաքննության տվյալներով՝ Ա. Անտոնյանը, օգտագործելով բանակցային կողմ հանդես գալու իր լիազորությունը, հիշյալ գումարն ստացել և մուտք է արել նույն կազմակերպության դրամարկղ: Այնուհետև որպես կազմակերպության ղեկավար՝ տարբեր ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, նախատեսված կայանների շինարարության մեջ նրանց ներգրավելու, ինչպես նաև շինարարական նյութեր ձեռք բերելու եղանակով 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում, ինչպես նաև նույն մարզի Զեդեա համայնքում գտնվող «Վայք գրուպ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներում կառուցել և շահագործման է հանձնել սեյսմիկ 6 կայաններից բաղկացած ցանց: Սակայն օգտվելով շինարարական աշխատանքների վրա ծախսած դրամական միջոցների նկատմամբ ֆինանսական և սեյսմիկ ծառայության ազգային մարմնի պատշաճ հսկողության բացակայությունից՝ յուրացրել է ծրագրի ամբողջական իրացման համար իրեն վստահված 3 324 387 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն  ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ընդհանուր  իրավասության դատարան' ըստ էության քննելու համար:

ՀՀ ԳԴ մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը