Աշխարհ

27.09.2017 13:15


Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է անմիջապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից հետո

Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է անմիջապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից հետո

Սեպտեմբերի 27-ին՝ անմիջապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մետիսի Աֆղանստան այցից հետո շուրջ 20 հրթիռ է արձակվել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա. անձնակազմը և քաղաքացիականները տարհանվել են, տուժածների մասին տվյալներ չկան: Աֆղանական TOLONews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օդանավակայանից բոլոր թռիչքները դադարեցվել են:

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախապես չպլանավորված այցով մեկնել են Աֆղանստան: Քաբուլում նրանք պետք է հանդիպումներ անցկացնեն այդ երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ: Այս պահին Քաբուլում անցկացվում է Ստոլտենբերգի և Մետիսի համատեղ մամուլի ասուլիսը:

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ պաշտոնյաների նման մակարդակով այցը առաջինն է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն հայտարարեց այդ երկրում իր նոր մարտավարության մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ ամերիկյան սոտրաբաժանումներն այլևս չեն հրապարակելու իրենց թվաքանակի մասին տվյալներ և գործողությունների պլանները՝ ամբողջությամբ կենտրոնանալով ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Հիշեցնենք, որ այժմ Աֆղանստանում իրականացվում է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղապահական առաքելությունը, որին մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը