Աշխարհ

26.09.2017 16:41


Ամերիկան Իրանից միայն ուսանողներ ու մշակութային գործիչներ կընդունի (տեսանյութ)

Ամերիկան Իրանից միայն ուսանողներ ու մշակութային գործիչներ կընդունի (տեսանյութ)

Այն երկրների քաղաքացիները, որոնց իշխանությունները հրաժարվում են երկրի ներսում ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել, լուրջ սահմանափակումների կհանդիպեն Միացյալ Նահանգներ այցելելիս:

«Երկրները պետք է գոնե նվազագույն չափանիշների համապատասխան տեղեկատվություն փոխանակեն», - նշել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը:

Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Իրանի, Չադի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սիրիայի, Վենեսուելայի ու Յեմենի քաղաքացիները հոկտեմբերի 18-ից այլեւս չեն կարող ստանալ զբոսաշրջության կամ աշխատանքի վիզա, սակայն կարող են Միացյալ Նահանգներ ժամանել սովորելու կամ մշակութային փոխանակման շրջանակներում:

«Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը պետք է շատ ավելի կոշտ ու հասցեավորված լիներ, սակայն ավաղ, դա քաղաքականապես կոռեկտ չէր լինի», - գրել էր իր Թվիթերում Դոնալդ Թրամփը:

Ամերիկյան պաշտոնյաներն ընդգծում են, որ արգելքի պատճառն այն է, որ նշված երկրները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող գործընկերներին:

Իրանի արտգործնախարարությունն այնուամենայնիվ քննադատել է Թրամփի որոշումը:

«Սա անմարդկային, սխալ, անմիտ եւ անիմաստ գործողություն է», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղազեմին:

Որոշ իրանցիներ նշում են, որ ընդունված արգելքը բացասաբար է անդրադառնալու ոչ միայն Իրանի բնակիչների այլեւ՝ ԱՄՆ-ում բնակվող իրանցիների վրա.

«Բարեկամներս խնդիրներ կունենան։ Չնայած նրանք երկար տարիներ ԱՄՆ-ում են բնակվում, նրանք վախենում են Իրան այցելել, քանի որ, եթե այդ այցելությունից հետո նրանց թույլ չտան Միացյալ Նահանգներ վերադառնալ, ամբողջ կյանքը կքանդվի», - ասում է Թեհրանի բնակիչ Սադեղին:

Միացյալ Նահանգների պաշտոնյաները սակայն պնդում են, որ քանի դեռ Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի եւ նշված մի շարք այլ պետությունների իշխանություններն ԱՄՆ-ին չեն տրամադրում ահաբեկչության վերաբերյալ տեղեկություններ, լուրջ սահմանափակումները Միացյալ Նահանգներ այդ երկրներից ժամանող ահաբեկիչների մուտքն արգելափակելու միակ ճանապարհն է:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը