Աշխարհ

23.09.2017 15:55


Թուրք-սիրիական սահմանին տեղակայվելու են թուրքական արտադրության աերոստատներ. Anadolu

Թուրք-սիրիական սահմանին տեղակայվելու են թուրքական արտադրության աերոստատներ. Anadolu

Թուրք-սիրիական սահմանին պատի կառուցման ավարտից հետո Թուրքիայի զինված ուժերի՝ սահմանային զորամասերը նախատեսվում է համալրել թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրած աերոստատներով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Սիրիայի սահմանին կառուցվող պատի 731 կմ-ը ավարտված է, շարունակվում է մնացած 97 կմ-ի կառուցումը: Պատի հիմնական հատվածը նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի վերջին: Ըստ աղբյուրի՝ հիմնականում անավարտ են Թուրքիայի Հաթայ նահանգի հարավային հատվածի լեռնային տարածքները:

Դեռևս այս տարվա հունիսին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսում են պատի կառուցման աշխատանքները ավարտել այս տարվա հուլիսի վերջին:

Նշենք, որ թուրք-սիրիական սահմանին պատի կառուցումը իրականացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ երկրի կառավարությանը կից բնակարանաշինության վարչության (TOKİ) հետ միասին:

Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կմ սահման: Ընդհանուր առմամբ՝ պատը ունենալու է 828 կմ երկարություն: Պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Պատի կառուցումը Թուրքիայի համար կարժենա մոտ 670 մլն ամերիկյան դոլար (2 մլրդ թուրքական լիրա):

Հավելենք, որ պատի շինարարության աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել էր սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Բացի Սիրիայի հետ սահմանից, Թուրքիան նաև պատ է կառուցում Իրանի հետ սահմանի: Դեռևս 2017-ի հունվարին, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում պատ կառուցելու մասին համաձայնագիր:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը