Աշխարհ

22.09.2017 17:36


Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի միջոցառմանը ծածանվել է Իսրայելի դրոշը

Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի միջոցառմանը ծածանվել է Իսրայելի դրոշը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում (իրաքյան Քուրդիստան) սեպտեմբերի 25-ին նախատեսվող անկախության հանրաքվեի միջոցառումները շարունակվում են մայրաքաղաք Էրբիլում:

Այս մասին տեղեկացնող թուրքական «DHA» լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ հանրաքվեին նախորդող միջոցառումներին մասնակցում են Քուրդիստանի զինված ուժերը, որոնք հայտնի են «փեշմերգա» անվանումով:

Էրբիլի Շանեդար զբոսայգում անցկացված միջոցառման ժամանակ մասնակիցները մեծ ոգևորվածությամբ են ողջունել քրդական զինուժին: Վերջինս նաև ուղղաթիռներ է օդ բարձրացրել և ծաղիկներ ու կոնֆետներ շաղ տվել բազմության վրա:

Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ փեշմերգայով խանդավառ զանգվածները ծածանել են իրաքյան Քուրդիստանի և Իսրայելի դրոշներ և լուսանկարվել դրանց ներքո:

Փեշմերգայի հրամկազմը բնակչությանը կոչ է արել անպայման մասնակցել անկախության հանրաքվեին և դա սրբազան պարտք համարել:

«Բոլորս էլ մեր երկրում խաղաղ ապրել ենք ուզում: Ոչ մեկին սպառնալիք չենք ու չենք լինելու: Ուղղակի մենք էլ մյուս բոլոր մարդկանց նման ուզում ենք ապրել մեր հայրենիքում, մեր դրոշի տակ: Ահա թե ինչու ենք սատարում հանրաքվեն»:

Նշենք, որ 37 միլիոնանոց Իրաքում քրդերը կազմում են բնակչության 20 տոկոսը: Քուրդ ժողովուրդը, լինելով Մերձավոր Արևելքում բնակչության թվով 4-րդ ամենամեծ էթնիկ խումբը, երբեք չի ունեցել մշտական պետություն։

Հանրաքվեի անցկացմանը դեմ են արտահայտվել հարևան երկրներից Իրանը, Թուրքիան, Սիրիան, ինչպես նաև Իրաքի խորհրդարանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը