Աշխարհ

21.09.2017 22:35


Լևոն Արոնյանն անցավ եզրափակիչ

Լևոն Արոնյանն անցավ եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լեւոն Արոնյանը հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ անցավ եզրափակիչ:

Գրոսմայստերների դիմակայությունը շատ համառ էր: Թայ-բրեյքի (կարճեցված ժամանակով պարտիաներ) վեց պարտիաները չպարզեցին հաղթողին: «Արմագեդոնի» որոշիչ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով էր խաղում եւ կանոնների համաձայն, պետք է հաղթանակ տաներ:

Արոնյանը գերազանց կատարեց խնդիրը՝ ստիպելով մրցակցին հանձնվել 78-րդ քայլում: Խաղի ընդհանուր հաշիվը 5:4 է:

Կիսաեզրափակչի մյուս՝ Դին Լիժեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգի թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվ՝ 3.5:2.5) հաղթանակ տարավ չինացի գրոսմայստերը:

Սեպտեմբերի 22-ը շախմատիստների համար հանգստի օր է, իսկ սեպտեմբերի 23-ից 27-ը կկայանա եզրափակչի Արոնյան - Դին Լիժեն դիմակայությունը: Ի տարբերություն նախորդ փուլերի, եզրափակչում կխաղացվի չորս պարտիա, իսկ անհրաժեշտության դեպքում հաղթողը կրկին կորոշի թայ-բրեյքում:

Այս խորագրի վերջին նյութերը