Աշխարհ

21.09.2017 18:37


ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին զինամթերքի նոր խմբաքանակ է տրամադրել

ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին զինամթերքի նոր խմբաքանակ է տրամադրել

ԱՄՆ-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորին զենքի վաճառքն արգելելուց հետո զենքի մեծ խմբաքանակ է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ ԱՄՆ-ը նախօրեին 120 բեռնատար ժամանակակից ռազմական տեխնիկա է ուղարկել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG-ՍԴՈՒ): ՍԴՈւ-ի հիմնական մասը կազմում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (ԺՊՈւ-YPG), որոնց Անկարան համարում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևը:

Նշվում է, որ ուղարկված զինտեխնիկայի շարքում կան զրահամեքենաներ, ականազերծող մեքենաներ, հրանոթներ, ջերմային և լազերային կառավարվող հրթիռներ: Աղբյուրը հատուկ նշում է, որ ուղարկված զինատեսակների մեջ կան նաև ռուսական արտադրության 12.7 մմ տրամագծով գնդացիրներ ու ջերմադիտակներ, որոնք վերջերս հայտնվել էր նաև ՔԲԿ-ի զինանոցում:

ԱՄՆ-ն առաջին անգամ Սիրիայի քրդական ուժերին նռնականետերի կրակի ու ականների պայթյունների դեմ պաշտպանական համակարգով հագեցած նորագույն զրահամեքենաներ է ուղարկել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ էր կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով կոնգրեսին:

Էրդողանն, արձագանքելով ԱՄՆ-ի որոշմանը, ասել էր. «Մենք նույնիսկ փողով չենք կարողանում ձեզանից զենք գնել: Եվ ուրեմն ինչու՞ եք դուք անվճար զենք տրամադրում այդ ահաբեկչական կազմակերպություններին: Որպես ռազմավարական դաշնակից՝ մենք շատ մտահոգված ենք, քանի որ չենք կարողանում այս հարցի պատասխանը գտնել»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը