Աշխարհ

21.09.2017 16:10


Սպիտակ տունը՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ․ «Դա սուտ է»

Սպիտակ տունը՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ․ «Դա սուտ է»

Սպիտակ տունը հերքում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա իր թիկնազորի անդամների հարձակման միջադեպի համար: Էրդողանը այս մասին խոսել է PBS հեռուստաընկերության հետ զրույցում:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսնակ Մայքլ Էնթընը Թուրքիայի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցներին ուղարկած գրավոր պատասխանում պնդում է. «Դա սուտ է»:

Հիշեցնենք, խոսքը մայիսին Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է: Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը հիվանդանոց էին տեղափոխվել: Ինքը Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից:

Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել Նահանգներում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից: Կոնգրեսն այդ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել:

Երեքշաբթի օրը ամերիկյան PBS հեռուստաընկերության հետ զրույցում Էրդողանը ասել է, թե վերջերս միջադեպը քննարկել է Թրամփի հետ: «Նախագահ Թրամփը այդ հարցով մեկ շաբաթ առաջ զանգահարել է ինձ և ափսոսանք հայտնել, նաև հավելել է, որ այդ հարցը կքննարկվի իմ՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ», - PBS-ի թարգմանության համաձայն՝ ասել է Թուրքիայի նախագահը:

Սպիտակ տան ներկայացուցիչը, ըստ Yahoo News-ի, գրավոր պատասխանում հակադարձում է՝ երկու առաջնորդները հեռախոսազրույց ունեցել են, միջադեպը քննարկել են, սակայն Թրամփը ափսոսանք չի հայտնել: «Ներողություն չի հնչել», - հայտարարել է Մայքլ Էնթոնը:

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում նախագահ Թրամփը ընդգծել է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Ցուցարարների վրա հարձակվելու համար Վաշինգտոնի դատարանը օգոստոսին Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության 15 ներկայացուցիչների և 4 այլ անձի մեղադրանք է առաջադրել: Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ Էրդողանը «իսկական սկանդալ» է որակել այն։ «Սա բացահայտ ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում արդարադատության համակարգն Ամերիկայում», - հայտարարել է նա:

Պաշտոնական Անկարային է՛լ ավելի է վրդովեցրել այս շաբաթ ամերիկյան կառավարության կայացրած որոշումը, որի համաձայն՝ սառեցվում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահի թիկնապահներին. խոսքը ավելի վաղ կնքված 1.2 միլիոն դոլարանոց գործարքի սառեցման մասին է:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը