Աշխարհ

21.09.2017 11:21


«Ադրբեջանական լվացքատան» սկանդալը սպառնում է խառնել Մերկելի խաղաքարտերը

«Ադրբեջանական լվացքատան» սկանդալը սպառնում է խառնել Մերկելի խաղաքարտերը

Ադրբեջանական կոռուպցիոն վերջին սկանդալի արձագանքը մինչև Բեռլին է հասել և սպառնում է խառնել կանցլեր Անգելա Մերկելի խաղաքարտերը Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:

Վճռորոշ քվեարկությունից օրեր առաջ, մասնավորապես, գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը նոր փաստեր է հրապարակել՝ պնդելով, թե Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Կարին Շտրենցը տարիներ առաջ ավելի քան 20 հազար եվրո է ստացել մի կազմակերպությունից, որը զբաղվել է ադրբեջանանպաստ քարոզչությամբ:

Գերմանական լրատվամիջոցները փաստում են՝ Շտրենցը, ով եղել է Բունդեսթագի՝ Հարավային Կովկասի հետ բարեկամության հանձնաժողովի նախագահը, բազմիցս է աչքի ընկել Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերով: Գերմանացի պատգամավորի անձնական կայքում, մասնավորապես, մինչև հիմա կարելի է գտնել լուսանկարներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորական ուղերձներ՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև հարցազրույցներ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և Ղարաբաղի անկախությունը դատապարտելու վերաբերյալ: Տիկին Շտրենցը նաև միակ գերմանացի պատգամավորն էր Եվրոպայի խորհրդում, ով 2015-ին դեմ էր քվեարկել պաշտոնական Բաքվին դատապարտող և քաղբանտարկյալների ազատ արձակում պահանջող բանաձևին:

«Սկանդալը սպառնում է ցնցել Գերմանիայում մինչ այժմ հանգիստ ընթացող նախընտրական արշավը»,-փաստում է բրիտանական Guardian-ը ՝ընդգծելով, որ մինչև այս հրապարակումը Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը վստահորեն գնում էր դեպի հաղթանակ:

Աղմկահարույց պատմության գլխավոր հերոսը՝ Կարին Շտրենցը, մինչ այս պահը հրաժարվում է մեկնաբանություններից:

Ի դեպ, Շտրենցը եվրոպացի առաջին գործիչը չէ, որի կարիերան կարող է հարցականի տակ դրվել «ադրբեջանական լվացքատան» հետ աշխատելու պատճառով: Շաբաթվա սկզբին հաղորդվեց, որ բելգիացի սենատոր, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ալեն Դեստեքսը հրաժարվել էՎեհաժողովին անդամակցությունից, երբ տեղական լրատվամիջոցները գրել են, որ նա ադրբեջանահաճո ձևակերպումների համար հազարավոր դոլարներ է ստացել:

Անցած շաբաթ էլ Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց՝ կոչ անելով հետաքննել «ադրբեջանական լվացքատան» մասին հաղորդումները, որոնց համաձայն՝ 2012-2014 թվականներին Ալիևն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել ու ծախսել եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, վերնախավի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու համար:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը