Աշխարհ

20.09.2017 16:11


Թուրքիայի զինուժը տանկեր է տեղափոխել թուրք-սիրիական սահման

Թուրքիայի զինուժը տանկեր է տեղափոխել թուրք-սիրիական սահման

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավային Հաթայ նահանգի՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայված ստորաբաժանումները համալրել է տանկերի նոր խմբաքանակով: Այս մասին հայտնում էթուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Տարբեր ստորաբաժանումներից ուղարկված 5 տանկ տեղակայվել է զինված ուժերի՝ Ռեյհանլը և Հասսա գավառի սահմանային ստորաբաժանումներում:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Թուրքիայի զինուժը 80 միավոր թրթուրավոր զրահամեքենա է ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգ: Դրանք նույնպես տեղակայվել են սահմանային ստորաբաժանումներում: Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը համալրում է նաև Սիրիային սահմանակից Քիլիս և Գազիանթեփ նահանգների ստորաբաժանումները:

Վերջին մեկ շաբաթում Սիրիային սահմանակից նահանգների ստորաբաժանումները համալրվել են հաուբիցների, զրահափոխադրիչների և տանկերի նոր խմբաքանակով:

Թուրքական մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում նոր գործողություններ է սկսելու: Մասնավորապես օգոստոսի 30-ին թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնել է, որ Թուրքիայի զինուժը սեպտեմբերին պատրաստվում է երկրորդ ռազմական գործողությունը սկսել Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբի նահագում: Մյուս կողմից դեռևս հունիսին թուրքական Karar թերթը հայտնել է, որ Թուրքիայի զինուժը հնարավոր է՝ Սիրիայի Աֆրին շրջանում քրդական կառույցների դեմ նոր գործողություններ սկսի:

Սիրիայի քրդերի դեմ նոր ռազմական գործողությունները չեն բացառում նաև երկրի իշխանությունները: Թուրքիայի նախագահը, պաշտպանության նախարարը մի քանի անգամ հայտարարել են, որ Թուրքիայի անվտանգության համար «սպառնալիք առաջացնելու դեպքում» նոր գործողություններ կսկսեն Սիրիայի քրդական խմբավորումների դեմ:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գործում են 2 փաստացիորեն ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումները: Այդ երկու ինքնավար շրջանների միջև ընկած տարածքը ներկայում վերահսկում են Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինված խմբավորումները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը