Աշխարհ

20.09.2017 09:44


Թրամփ․ «Ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»

Թրամփ․ «Ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»

Մենք ապրում ենք չլսված հնարավորությունների ժամանակներում, այսպես սկսեց իր ծրագրային ելույթը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին.

«Գիտության, տեխնոլոգիաների եւ բժշկության ոլորտներում բեկումները թույլ են տալիս բուժել հիվանդություններ եւ կարգավորել խնդիրներ, որոնք նախկին սերունդների համար անլուծելի էին թվում»:

«Սակայն, նույն հնարավորությունները ստեղծում են նաեւ նոր վտանգներ: Վտանգներ, որոնց դեմ պայքարում իրական առաջնորդը պետք է միշտ հիշի սեփական ժողովրդի շահերը: Հենց սա է «Ամերիկան՝ առաջին տեղում» գաղափարը»,-նշում է Թրամփը.

«Որպես ԱՄՆ-ի նախագահ, ինձ համար Ամերիկան միշտ առաջնահերթություն է լինելու, ինչպես ձեր երկրների շահերը պետք է միշտ առաջնահերթություն լինեն ձեզ համար»:

Հենց սեփական ժողովրդի շահերից ելնելով՝ պատասխանատու առաջնորդը պետք է նաեւ ճանապարհներ կառուցի մյուս պետությունների հետ դաշինքներ կնքելու եւ ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարելու համար, նշում է Դոնալդ Թրամփը: Համագործակցություն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա.

«Մենք չենք ակնկալում, որ տարբեր երկրներ պիտի ունենան նույն մշակույթը, ավանդույթները կամ նույնիսկ՝ նույն կառավարման համակարգը, սակայն մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները պիտի հարգեն սեփական ժողովրդի շահերը եւ մյուս պետությունների ինքնիշխանության իրավունքը»:

Հարգանք սեփական քաղաքացիների իրավունքների եւ մյուս պետությունների ինքնիշխանության նկատմամբ՝ հենց սա է համագործակցության գրավականը.

«Մենք չենք պատրաստվում պարտադրել մեր կենսակերպը որեւէ մեկի: Փոխարենը, պատրաստ ենք օրինակ ծառայել բոլորի համար»:

Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները չի հանդուրժի սպառնալիքներ այլ երկրների կողմից, լինի դա Հյուսիսային Կորեան թե՝ Իրանը.

«Աշխարհում ոչ մի երկիր չի ցանկանում տեսնել ավազակների այս խումբը՝ միջուկային զենքով զինված: ԱՄՆ-ը հսկայական ուժ եւ համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինենք պաշտպանվել կամ պաշտպանել դաշնակիցներին, մենք այլընտրանք չենք ունենա եւ ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»:

Կիմ Չեն Ընը, ում Թրամփը բնորոշեց որպես «հրթիռներով մարդ», բռնել է ինքնասպանության ուղղին եւ իր հետ է տանում սեփական երկիրը: Ընդհանրապես, համոզված է ԱՄՆ-ի նախագահը, ճնշող վարչակարգերը չեն կարող ընդմիշտ գոյատեւել.

«Գալիս է մի օր, երբ այնտեղ ապրող մարդիկ երկընտրանքի առջեւ են կանգնում՝ շարունակել աղքատության, արյունահեղության եւ ահաբեկման ուղին, թե՝ վերադառնալ ժողովրդի հպարտ արմատներին, ինչպիսիք ունեն Իրանի քաղաքացիները, եւ միանալ քաղաքակրթության, մշակույթի եւ հարստության կենտրոնին»:

Նախագահ Թրամփն անդրադարձավ նաեւ անկառավարելի միգրացիային, որրնրա խոսքով, վնասում է ինչպես այն երկրին, որտեղից նրանք արտագաղթում են, այնպես էլ՝ ընդունող երկրին.

«Արտագաղթելով, մարդիկ նվազեցնում են տվյալ երկրի ներսում ճնշումն իշխանությունների վրա, հենց այն ճնշումը, որն անհրաժեշտ է կարեւոր քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»:

Նախագահ Թրամփն այս կապակցությամբ հիշեցնում է՝ մարդկանց իրավունքների, արժանապատվության եւ բարգավաճման ապահովման պարտականությունը լավագույնս կատարում է ամուր ինքնիշխան պետությունը:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը