Աշխարհ

18.09.2017 22:32


Լոնդոնում ցուցադրվել է Ադրբեջանի համար նախագծված իսրայելական ինքնագնաց ականանետ

Լոնդոնում ցուցադրվել է Ադրբեջանի համար նախագծված իսրայելական ինքնագնաց ականանետ

Իսրայելական Elbit Systems ընկերությունը Լոնդոնում անցկացված DSEI 2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել է նույնպես իսրայելական SandCat զրահամեքենայի վրա տեղադրված 120 մմ տրամաչափի SPEAR Mk2 ինքնագնաց ականանետը: Զինտեխնիկայի վրա ադրբեջաներենով գրառում է: Ականանետի լուսանկարը հրապարակվել է ռազմական բլոգներից մեկում:

Ականանետի վրա գրված է «ADDIM ATMAYIN», ինչն ադրբեջաներենից թարգմանած նշանակում է «Քայլ մի՛ գցեք»: Սա, ամենայն, հավանականությամբ, նշանակում է, որ իսրայելական ընկերությունը Լոնդոնում ցուցադրել է հենց Ադրբեջանի համար արտադրված SPEAR Mk2 ինքնագնաց ականանետ:

Այս ենթադրությունը հաստատվում է նաև այն փաստով, որ 2017 թ. օգոստոսին Ադրբեջանի նախագահին ցուցադրել էին ԲՏՌ-70-ի շասսի վրա մոնտաժված SPEAR ականանետ: Այս տարբերակը հանձնվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սպառազինությանը:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի բանակին կամ մատակարարվել, կամ մատակարարվելու են SPEAR Mk2 ականանետի ավելի մոբիլ տարբերակներ՝ տեղադրված Plasan ընկերության SandCat զրահամեքենաների վրա:

Ավելացնենք, որ Ադրբեջանն իսրայելական նույն ընկերությունից արդեն գնել է ինքնագնաց ականանետներ: 2012-ին Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է 120 մմ տրամաչափի Cardom ավտոմատ ականանետներ: «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) տվյալներով` Ադրբեջանը գնել է 10 միավոր, իսկ «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալներով՝ 18 միավոր նման ականանետ:

Ականանետները 2011 և 2013 թթ. ցուցադրվել են Ադրբեջանում անցկացված զորահանդեսներում՝ մոնտաժված են Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը