Աշխարհ

18.09.2017 15:48


Սիրիայի բանակն անցել է Եփրատը և սկսել Դեր Զորի հյուսիս-արևելքի ազատագրումը

Սիրիայի բանակն անցել է Եփրատը և սկսել Դեր Զորի հյուսիս-արևելքի ազատագրումը

Սեպտեմբերի 18-ին Սիրիայի բանակը անցել է Դեր Զորով հոսող Եփրատ գետից արևելք, միևնույն ժամանակ սկսելով քաղաքի հյուսիսային շրջանների ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Հյուսիսից քաղաքին են մոտեցել ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով Դեր Զորում իրենց թղթակցից ստացած տեղեկությունը:

Ռուսաստանյան «ՖԱՆ» գործակալության տվյալներով՝ գործողությունն իրականացրել է Սիրիայի բանակի «ԻՊ որսորդներ» (ISIS Hunters) հատուկ նշանակության ստորաբաժանումը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հայտնած տեղեկության՝ Սիրիայի բանակի ստորաբաժանումները Դեր Զորի արևելքում և հյուսիսում արդեն մի քանի գյուղ ազատագրել են ԻՊ վերահսկողությունից: Սիրիական զինուժը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը դեպի հյուսիս:

Դեր Զոր նահանգում սիրիական և քրդական ուժերի միաժամանակյա գործողությունները արդեն իսկ ցույց են տվել իրենց խնդրահարույց լինելը: Սեպտեմբերի 17-ին քրդերը Սիրիայի բանակին մեղադրել են իրենց դիրքերին հարվածելու համար:

Միջադեպը քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը