Աշխարհ

15.09.2017 21:37


«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումները շարունակվում են. CNN-ի աշխատակիցն Ադրբեջանից 2,6 մլն դոլար է ստացել

«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումները շարունակվում են. CNN-ի աշխատակիցն Ադրբեջանից 2,6 մլն դոլար է ստացել

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:

Այս անգամ հերթական բացահայտումներից մեկը կապված է CNN հեռուստաընկերության նախկին աշխատակցի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ բացահայտումների, Ադրբեջանից կաշառք ստացած գործիչների մեջ նշվում է CNN հեռուստատեսության նախկին պրոդյուսեր Էսկարտ Սագերի անունը:

Նախագծի կողմից իրականացված բացահայտման համաձայն` 2014-ին Էսկարտ Սագերի՝ Արաբական Էմիրություններում գրանցված բանկային հաշվին Hilux Services կազմակերպության կողմից փոխանցվել է 1 մլն 975 հազար եվրո, ինչը համարժեք է 2,6 մլն դոլարի:

Բացահայտման մեջ նշվում է, որ Էսկարտ Սագերն, Ադրբեջանից գումարներ ստանալով, գրել է հոդվածներ, որոնցով պրոպագանդել է Ադրբեջանի տեսակետները կապված տարբեր հարցերի հետ, կամ պաշտպանել ադրբեջանամետ գործիչներին:

«Հոդվածներից մեկը աջակցում է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, որը մեղադրվում էր ադրբեջանական մեքենայից փող ստանալու եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի վերանայման մեջ»,- նշված է Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները մերկացնող հոդվածում:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման (Organized Crime and Corruption Reporting Project) նախագիծը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը, որը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ, ներկայումս հետաքննության տակ է, դրա հետ կապված զեկույցը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը