Հարցազրույց

11.01.2011 11:05


Տիգրան Խզմալյան.

Տիգրան Խզմալյան.

Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի հետ

-Ինչպիսի՞ն էր 2010թ. Հայաստանի համար։ Ի՞նչ անվան ներքո այն կմտնի պատմության մեջ։

-2010-ն ավարտեց Հայաստանի համար «զրոյական» դարձած մի տասնամյակ, որը սկսվել եր 1999թ. հոկտեմբերի 27-ով ու պսակվել էր 2008-ի մարտի 1-ով: Դա ոչ միայն օրացուցային 2000-ականի զրոներ էին, այլև մեր ազգային կյանքի, մշակույթի, արվեստի, տնտեսության, դիվանագիտության, կրթության ու գիտության ոլորտներում արձանագրված դատարկության: Կորցրած կամ ավելի ճիշտ' կողոպտված տասնամյակ, գողացված մեր անձնական ու ընդհանուր կյանքից ու ճակատագրից:

-2011թ. նախորդ տարվա օրգանական շարունակությո՞ւնը կլինի, թե՞ մեր երկրի համար բեկումնային դրական փոփոխությունների, նոր պայքարի սկիզբ կդառնա։

-Տարատեսակ մեծ ու փոքր քաղաքացիական պոռթկումները, որոնց վկան ու մասնակիցն էինք մենք, վերջին ամիսներին արագորեն վերածվում են պայքարի ընդհանուր ճակատի ու ժողովրդական դիմադրության շարժման: Դա մեր ազգի գոյության ու ինքնապաշտպանության բնազդն է, քանզի երկիրը մոտեցել է այն շեմին, որից հետո ամեն կորցրած տարին, ամեն գաղթող ընտանիքը անվերադարձ կորուստ է պատճառում ու սպառնալիք է պարունակում պետության բուն գոյությանը:

-2011թ. նաև նախըտրական տարի է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի 2012թ. խորհրդարանական ընտրություններն իրոք լինեն ազատ, անկախ և թափանցիկ ու իրականում արտահայտեն ժողովրդի կամքը։

-Ընտրությունները կեղծող բռնատիրությունն ընտրություններով անհնար է տապալել: Բռնատիրության պայմաններում ընտրություններին ապավինող մարդիկ կա՛մ միամիտ են, կա՛մ գործարքի մեջ են մտնում բռնակալների հետ: Երկիրը զավթած կեղեքիչներին վանելու է համաժողովրդական դիմադրության ու անհնազանդության շարժումը, որի ձևավորմանը ձգտում է այժմ «Սարդարապատ» նախաձեռնող խումբը:

-Արդյոք Հայաստանի բնակչության սոցիալական ծանր վիճակը, շարունակվող գնաճը, տնտեսական ճգնաժամը կարո՞ղ են հանգեցնել սոցիալական խռովության։

-Մեր համբերատարության պատճառը ազգային անվտանգության համար ակնհայտ արտաքին սպառնալիքներն են, ինչը հմտորեն ու ցինիկաբար չարաշահում է կեղեքիչ իշխանությունը: Սակայն նրա իսկ անսպառ ագահությունն ու ապիկարությունն օրեցօր դառնում են առավել վտանգավոր մեր պետականության ու անվտանգության համար: Ուստի քաղաքացիական ընդվզումը Հայաստանում սկսվելու է պետականությունն ու անկախությունը փրկելու գաղափարի շուրջ, սակայն սոցիալական արդարության վերականգնումը անպայման լինելու է հեղափոխության գլխավոր նպատակը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը