Լրահոս

24.12.2010 11:42


Ինչու՞ Եվրամիության անդամակցության հարցով Թուրքիային վերաբերող բանաձևերում տեղ չեն գտնում Հայկական հարցի հետ կապված խնդիրները

 Ի վերջո, հայությունը պետք է սովորի ու յուրացնի իր ազգային պետական շահերին և իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ամբողջությամբ կարդալու, սերտելու, ուսումնասիրելու արվեստն ու հմտությունը:

Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինտիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, ԵՄ շատ երկրներ ուղղակի չեն ցանկանում Թուրքիային տեսնել իրենց շարքերում: «Դրա համար նրանք ունենք բազմաթիվ հրաշալի առիթներ», - հայտարարել է փորձագետը, այդ թվում նշելով հայոց ցեղասպանության, քրդական, ինչպես նաեւ Կիպրոսի հետ կապված խնդիրները (1):

Սակայն, ռուս փորձագետը սխալվում է: Եվրոմիության անդամակցության հարցով Թուրքիային վերաբերող բանաձևերում Հայկական հարցի հետ կապված խնդիրները, այդ թվում' Հայոց ցեղասպանության, չի բարձրացվում և դրա պատճառները երկուսն են. «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Եվրոպական պառլամենտի 1987թ. Հունիսի 18-ին ընդունած Բանաձևը և Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները ստորագրված Ցյուրիխում' 2009թ. Հոկտեմբերի 10-ին: Այս երկու փաստաթղթերը Եվրոմիության համար Հայկական հարցը արգելափակելու հարմարավետ պատրվակներ են:

Առաջին փաստաթուղթը' Եվրոպական պառլամենտի Բանաձևը, Հայկական հարցի քաղաքական լուծումը հանգեցրել է Օսմանյան կայսրությունում կամ Թուրքիայում հայ ազգային փոքրամասնության խնդրին, երկրորդը' Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, Հայկական հարցի լուծման համար նախատեսում է պատմաբանների հանձնաժողովի քննարկումներ և դրանից հետո միայն, հավանաբար նախօրոք պատրաստած, ինչ-ինչ անորոշ ձևակերպումներ: Երկու փաստաթղթերում էլ խոսք չի գնում Հայկական հարցը ուղղակի բացառելուն, ինչի իրավունքը, իրենք էլ քաջ գիտակցում են, որ չունեն: Ընտրված է բավական խորամանկ տարբերակ, Հայկական հարցը շրջանցելու և դրա միջոցով արգելափակելու տարբերակ:

Քննենք փաստաթղթերը:

ա) Եվրոպական պառլամենտի 1987 թ. Հունիսի 18-ի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձևի նախաբանի Բ. կետում գրված է, որ Եվրոպական պառլամենտը'

«Բ. Համոզված լինելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի պատմության ճանաչումն իսկ ենթադրում Է նրա ինքնության ճանաչումը որպես Էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական փոքրամասնություն» (2).

Բանաձևի 1-ն հոդվածում նշված է, որ Եվրոպական պառլամենտը'

«1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի և Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի և հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական և մշակութային այլազանությամբ»:

Այսպիսով հաստատվում է այն վարկածը, որ Եվրոմիությունը հավատարիմ է Հայկական հարցը արգելափակելու, հայությանը որպես ազգային փոքրամասնություն ներկայացնելու իր քաղաքական գործելակերպին: Դա չափազանց վտանգավոր շեշտադրում է, որին հայությունը պարտավոր է ավելի լուրջ վերաբերվել, որովհետև դրա մեջ առկա է Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու, Հայաստանը հայերից դատարկելու հանցագործ ծրագրերը: Այլ կերպ չես կոչի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը' ցեղասպանությունը, մոռացության մատնելու, հանցագործին պատժելու փոխարեն' հանցագործության հետևանքում թալանած ու հափշտակած գողունը վայելել թույլատրելու, նույնն է թե' նոր հանցագործության քաջալերելու, թուրքերին ու քրդերին նոր ցեղասպանության դրդելու եվրոքաղաքական նկրտումները:

 բ) Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները պահպանելով Եվրոպական պառլամենտի Բանաձևի ոգին' առաջ են շարժվում, մասնավորապես, Արձանագրությունների 2-րդ հոդվածում արդեն նշվում է Հայկական հարցի հիմնախնդիրները պատմաբաններին հանձնելու մասին.

(կողմերը...)

«2. համաձայնեցին նաև'

երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,

իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում' պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական անկողմնակալ ուսումնասիրություն' առկա խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար» (3):

Նշվում է նաև, որ'

«Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին» (4):

Թե ինչ հանձնառության ու որակի փորձագետներ են լինելու դրանք, պարզ է Եվրոպական պառլամենտի Բանաձևի դրույթներից, դրանցում արտահայտված քաղաքական մտքերի ձևակերպումներից:

Արձանագրություններում բացահայտված է նաև դրանց նպատակը, այսինքն' Հայկական հարցը արգելափակելու, շրջանցելու խնդիրը և առկա է իրողությունները որպես անշրջելի իրականություններ ներկայացնելու հակաիրավական ու հանցագործ թեզը.

«hաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող' միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը» (5):

Որ առաջին փաստաթղթի' «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձևի, հեղինակը Եվրոպական պառլամենտն է պարզ է իր իսկ ստորագրությունից, երկրորդ փաստաթղթի' Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների հեղինակը պարզվում է Նոր Եվրոպան է' նոր կազմավորված Եվրոմիությունը: Սակայն, ավելի ճիշտ կլինի ասել' Եվրոպայի Միացյալ Նահանգները, ինչը պետք չէ շփոթել ՄԱԿ-ի հետ: Սա մի նոր տիպի գերտերություն - ոստիկանապետություն է, որն աշխարհում փոխարինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ Եվրոպական ոստիկանական ուժերը' ՆԱՏՕ-ին և ԱՄՆ զինված ուժերին: Չէ որ հետևելով իրադարձություններին, այդ թվում և Wikiliksi հրապարակումներն, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ի պերեստրոյկան սկսված է: Ինչևէ, վերադառնանք Արձանագրություններին.

(Հայաստանն ու Թուրքիան)

«վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները» (6):

Մենք հավատում ենք, որ շատ հաճախ ավելի կարևոր են ուշադիր ընթերցումները, քան մեկնաբանությունները, ուստի գտնում ենք, որ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: Ի վերջո, հայությունը պետք է սովորի ու յուրացնի իր ազգային պետական շահերին և իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ամբողջությամբ կարդալու, սերտելու, ուսումնասիրելու արվեստն ու հմտությունը:

Հաստատենք նաև, որ ըստ էության երկու փաստաթղթերն էլ լուրջ խնդիրներ ունեն իրավունքի հետ, այդ թվում' ոչ միայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» (1948թ.) կամ «Պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» (1968թ.) Կոնվենցիաների, այլև Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (1948թ.) սկզբունքների ու դրույթների տեսակետից:

 

գ) Հնարավոր է 1923թ. Հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագրի Թուրքիայում ապրող փոքրամասնություններին վերաբերող դրույթները իբրև ոգևորության աղբյուր և ուղղորդում են ծառայել Եվրոմիության պաշտոնյաների համար

Բանն այն է, որ Լոզանի պայմանագիրը, ուժի մեջ թողնելով հանդերձ Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները, այս դեպքում քննության է առել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների հարցերը' դրանց մեջ ընդգրկելով նաև հայերին:

Արա Պապյանը գրում է.

«Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն երկու առումով առնչվում է մեզ: Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին: Ընդ որում, փոքրամասնությունների վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն» (7):

Այն, որ հիմնարար օրենքի ուժ ունեցող հոդվածները նույնպես չեն գործել Թուրքիայի Հանրապետությունում այլ խնդիր է, անշուշտ, ոչ պակաս կարևոր: Սակայն դիտարկումից պարզ է դառնում, թե ԵՄ-ն ինչ ուղղությամբ է կարգավորում աշխատանքները Թուրքիայի հետ կապված հարցերում, ներառյալ Հայկական խնդիրներում: Լավագույն դեպքում ԵՄ-ն կհանգի Թուրքիայիում ապրող ազգային փոքրամասնությունների ինչ-ինչ իրավունքների հաստատմանը այդ խնդրահարույց երկրում:

Զուգահեռ, տարիներ շարունակ փորձ է արվել աննկատ թողնել մեկ այլ ակնառու իրողություն.

«Այսպիսով, Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը վերահաստատել է Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը» (8):

Այսինքն, հիմնովին կեղծ են այն պնդումները, թե Լոզանի պայմանագիրը փոխարինելու եկել Սևրի պայմանագիրը, և որ Լոզանի պայմանագիրը ի չիք է դարձրել Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները: Քաղաքական խարդավանքների ու խաղերի ոլորտից սկիզբ առնող այս կեղծիքը կիրառվել է մինչև այսօր և ինչպես տեսանք կիրառություն է գտել ինչպես Եվրոպական պառլամենտի Բանաձևում, այնպես էլ Հայաստան-Թուրքիա Արձանագրություներում իբրև Հայկական հարցի քաղաքական լուծման տարբերակ:

Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե ինչ ծրագրեր են դնում և փորձում իրականացնել ներկայի քաղաքական խաղացողները, հայության ուղին իրավունքների վերատիրացաման իրավական ճանապարհով ընթանալն է'

-անվերապահորեն առաջնորդվելով Հայաստանի Անկախության Հռչակագրի դրույթներով և սկզբունքներով,

-տեր կանգնելով ինչպես Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման իրավական գործընթացին, այնպես էլ հայության ոտնահարված բոլոր իրավունքների վերականգնման ու հատուցման պահանջներին:

Ծանոթագրություն

1. Տես, «Քրդերը Թուրքիային չեն թողնում Եվրամիություն», News.am,, 11.12.2010թ.:

2. Տես, «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Եվրոպական պառլամենտի Բանաձևը, 18 հունիսի, 1987թ.: «Ուխտ Արարատի», թիվ 1/19, 2010թ., էջ 10-11: Տես, http://oukhtararati.com/amsagrer

3. Տես, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին Արձանագրություն

4. Նույն տեղում:

5. Տես, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն

6. Նույն տեղում:

7. Տես, Արա Պապյան, «Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները»: Առաջին անգամ տպագրվել է France-Armenie ամսագրում, № 300, 16-31 հուլիսի, 2007թ., էջ 19-21:

8. Նույն տեղում:

«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը