Աշխարհ

08.09.2017 13:37


Գերմանացիների 84 տոկոսը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Գերմանացիների 84 տոկոսը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի «ARD» հեռուստաընկերությունը սոցհարցում է անցկացրել պարզելու Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքացիների դիրքորոշումը:

Թուրքական «Evrensel» լրատավական կայքը, հղում անելով սոցհարցման արդյունքներին, հայտնում է, որ հարցմանը մասնակցած 1003 քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 84 տոկոսը, դեմ է Թուրքիայի եվրաանդամակցությանը: 2016թ. անցկացված հարցման ժամանակ այս ցուցանիշը կազմել էր 80 տոկոս:

Ըստ հարցման արդյունքների՝ 77 տոկոսը կողմ է Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: 88 տոկոսը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը ավելի վճռական քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Միայն 9 տոկոսն է դեմ եղել ավելի վճռական քայլերի կիրառմանը:

Միաժամանակ հարցվածների 80 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի առջև երկխոսության դռները չպետք է փակել:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մասին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը