Հարցազրույց

24.12.2010 12:33


Կարինե Աճեմյան

Կարինե Աճեմյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը։

-Շատ նորմալ եմ գնահատում։

-Դա անձնակա՞ն, թե՞ քաղաքական որոշում էր ըստ Ձեզ։

-Եթե մեր հասարակությունը հետևի, իսկ ես հետևում եմ մեր նախագահի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական ելույթներին, ինքը միշտ ազդակներ է ուղարկում, այսինքն դրա մասին խոսվել է։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք չեն կարողանում իրենց արդարացնել, իսկ գիտեք, այնպիսի մեծ պատասխանատվություն է դրված ՀՀԿ-ի ուսերին, և այդ բեռը մենք չենք կարող մեկ կամ երկու մարդով տանել։ Մենք իրար հետ համախմբված պետք է աշխատենք, և մեր յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ և՛ գործադիրում, և՛... Նկատի ունեմ՝ քաղաքապետի շատ կարևոր և պատասխանատու այդ պաշտոնը պետք է կարողանա արդարացնել մեր բոլորի հույսերը և՛ մարդկային որակներով, և՛ մասնագիտական հմտություններով։ Այդ առումով, իհարկե, տխրում եմ, որ այդպիսի բացասական երևույթներ են տեղի ունենում, բայց նաև փոփոխությունը, կարծում եմ, անհրաժեշտ էր։

-Այսինքն, Գագիկ Բեգլարյանն իր պաշտոնում իրեն չի՞ արդարացրել։

-Ես ասեմ Ձեզ՝ քաղաքում շատ կարևոր աշխատանքներ արվել են, ես ինքս տեսնում եմ տարբերությունը և կարծում եմ, որ այս գործերը շարունակական կլինեն, մեր նոր քաղաքապետը կշարունակի, բայց կարծում եմ, որ նաև պաշտոնյան պետք է լինի շատ պատասխանատու իր արարքների, բոլոր արարքների՝ և՛ իր, և՛ իր ընտանիքի անդամների, և՛ բոլոր այն ընկերների ու շրջապատի հանդեպ, ում հետ նա աշխատում է։

-Դուք ասացիք, որ նախագահն անընդհատ ազդակներ է ուղարկում, սակայն չէ՞ որ գրեթե նույն օրը Էջմիածնի քաղաքապետը՝ գեներալ Մանվելի որդին, մարդ էր ծեծել, սակայն նրա նկատմամբ ոչինչ չկիրառվեց։ Այնինչ երբ խնդիրն ուղղակիորեն նախագահին առնչվեց, արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։

-Ես ասեմ, նախ՝ իդեալական հասարկություն չկա։ Դուք ուզում եք, որ ոչինչ չկատարվի՞ այս երկրում։ Այսինքն, բոլոր գործընթացները գնան սահուն հունո՞վ։ Շատ երջանիկ կլինեիքն մենք բոլորս, որ այդպես լիներ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք այդ բացասական երևությներից խուսափելու համար։ Նաև մտածում եմ, որ բոլոր այն լավ մեր գործընկերները, որոնք իրենց պաշտոնում կարողացել են լավ հանդես գալ, կշարունակեն աշխատել, իսկ բացասական երևույթներից մենք չենք կարողանում խուսափել, և դա էլ իր արժանի գնահատականը կստանա։

-Հետևողականության բացակայություն չէ՞ արդյոք դա։

-Ոչ, չեմ համարում ես այդպես, որովհետև ես ավելի մոտ եմ կանգնած, ես շատ հարցերում տեսնում եմ, թե մեր նախագահն ինչքան վճռական է տրամադրված, և կարծում եմ, որ հետագայում էլ այդպես կլինի։ Իսկ նախընտրական տարին մոտենում է, և մենք մեր նախընտրական ծրագրերը, որ շարունակաբար իրականացրել ենք, պետք է հասցնենք իրենց տրամաբանական ավարտին։ Ավարտ չեմ ուզում ասել, որովհետև ներկուսակցական աշխատանքը նաև անընդհատ աշխատանք է՝ ամենօրյա, ամեն ամիս մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում։ Ուզում եմ ասել, որ մենք ավելի ակտիվ պետք է աշխատենք։

-Քաղաքապետի թե՛ հրաժարականի, թե՛ նշանակման հարցում չէ՞ք կարծում, որ ՏԻՄ համակարգի կայացման տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէր նախագահի կոպիտ և ուղղակի միջամտությունը։ Արդյոք դա հակասահմանադրական քայլ չէ՞ր։

-Նախագահը չի կարող կոպիտ խախտում անել, որովհետև նախագահը Սահմանադրության երաշխավորն է, և այդպիսի բան չի կարող լինել։ Չի կարող նախագահը խախտել։ Դա ճնշում չէր։ Մեր հասարակությունն անընդհատ պահանջում է, որ եթե ինչ-որ բացասական երևույթ է, գնահատական տրվի նաև այն երևույթներին, որոնք իշխանական վերնախավում են կատարվում։ Հիմա տրվել է այդ գնահատականը, ես կարծում եմ, որ դժգոհություն պետք չէ արտահայատել, այլ պետք է...

-Ես հենց այդ պատճառով բերեցի գեներալ Մանվելի որդու հետ կապված միջադեպի օրինակը և հարց ուղղեցի հետևողականության մասին։ Լա՛վ, թողնենք դա։ Այսքան կարճ ժամանակաշրջանում և այս քանակությամբ կադրային փոփոխությունները բնականո՞ն եք համարում, թե՞ ոչ, և ինչի՞ արդյունք են դրանք ըստ Ձեզ։

-Այդ կադրային փոփոխություններին շատ լավ եմ վերաբերվում և կարծում եմ, որ հետագայում էլ... Շատ հստակ նախագահի ելույթում նշվեց, որ այն մարդիկ, ովքեր կարդարացնեն մեր բոլորի պահանջները, այսինքն... Գիտե՞ք ինչ՝ և՛ կոալիցիայի անդամների, և՛ հատկապես ՀՀԿ-ի առջև խնդիրներ են դրված եղել նախագահի կողմից և պահանջներ, և այդ պահանջները պետք է բավարարվեն։ Եթե դրանք, այսինքն այն պաշտոնյաները, ովքեր չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքային գործունեության մեջ այն պահանջները, որոնք դրված են, ուրեմն պետք է հեռանան։ Ընդհանրապես դա նորմալ է, կյանքը շարժվում է առաջ, մենք բոլորս ապրում ենք, աշխատում ենք, և ճահճանալ, լճանալ չի կարելի։ Իհարկե, եթե մարդը նորմալ է աշխատում, երբևէ այսպիսի գնահատականի չի կարող արժանանալ։ Ես նկատի ունեմ նաև, որ մեր նախագահը, իմ կարծիքով, շատ հանդուրժող է, շատ ժողովրդավար և երբեք անարդարացի որոշում չի կայացրել։

-Ձեր ասածից ստացվում է, որ փոփոխված բոլոր պաշտոնյաներն իրենց չեն արդարացրել։

-Ոչ... Դե լինում են, չէ՞, թերություններ, եթե թերություն չլինի, մարդուն կհանե՞ն աշխատանքից։ Ես հուսով եմ, որ բոլոր այդ կադրային փոփոխություններն արդարացի են, և հետագայում էլ արդարացի լուծումներ կստանան։

-Այսինքն՝ այլ կադրային փոփոխություննե՞ր էլ կլինեն հետագայում։

-Կարծում եմ, բայց ես հաստատ ոչինչ չեմ կարող ասել։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը