Աշխարհ

04.09.2017 19:05


Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է Շուլցի ու Մերկելի հայտարարություններին

Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է Շուլցի ու Մերկելի հայտարարություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուների՝ Մարտին Շուլցի և Անգելա Մերկելի կողմից հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին:

«CNNTurk»-ը հղում անելով Քալինի թվիթերյան գրառմանը, նշում է, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունը որակել է որպես «պոպուլիզմի դրսևորում» և նշել, որ դրանք սերմանում են այլատյացություն, խտրականություն և թշնամություն:

Միջանկյալ նշենք, որ հեռուստաբանավեճի ընթացքում թե՛ Մերկելը, թե՛ Շուլցը նշել են, որ ցանկանում են Եվրամիության օրակարգ բերել Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման հարցը: Նրանք նաև համակարծիք են եղել Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ կիրառելու հարցում:

Ըստ Քալընի՝ գերմանացի քաղաքական գործիչները, անտեսելով հրատապ լուծում պահանջող հարցերը, կենտրոնանում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի վրա: Քալինի պնդմամբ՝ այդ ամենը խոսում է «Եվրոպայում առկա նեղ մտահորիզոնի» մասին:

Նա նաև ավելացրել է, որ Գերմանիան իր քաղաքականությամբ պաշտպանում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ «ահաբեկիչներին և հեղաշրջման փորձը իրականացնողներին»:

«Կարևոր չէ, թե Գերմանիայում կայանալիք ընտրություններում որ կուսակցությունը կհաղթի, քանի որ արդեն պարզ է, թե որ մտածելակերպն է հաղթելու: Ոչ Մերկելը, ոչ Շուլցը բանավեճի ժամանակ չքննարկեցին խտրականության, աճող այլատյացության թեման, ինչը ցույց է տալիս Գերմանիայի վարած քաղաքականության ներկայիս իրավիճակը»,-շեշտել է Քալընը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը