Տնտեսական

23.12.2010 18:16


ՀՀԿ–ն 2012թ. ԱԺ կգնա ՀՆԱ–ն 4%, բյուջեն՝ մոտ 10% պակասեցրա՞ծ

ՀՀԿ–ն 2012թ. ԱԺ  կգնա  ՀՆԱ–ն 4%, բյուջեն՝ մոտ 10% պակասեցրա՞ծ

Տնտեսական իրավիճակի բարելավում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի տեսնում։ Նա նշել է, որ կառավարությունը կգովի իր քաղաքականությունը, կնշի, թե գերակատարել է բյուջետային թիվը, ընդդիմությունը կքննադատի, իսկ ավելի իրատեսական տնտեսագետները կասեն. «Եղբա՛յր, իրոք լավ չի, չէ՞։ Անցյալ տարի աշխարհը պակասեց 2%-ով, դուք՝ 15%-ով, այս տարի աշխարհն ավելացավ 4,8%, դուք՝ 2%։ Այն, որ բյուջետային թիվը գերակատարել եք, 1 տարի առաջ ասում էինք' 14%, անկումից հետո ի՞նչ իրավունք ունեք 1% աճ արձանագրել»։

Նա նշել է, որ ինքը բարեփոխումների առումով ոչ մի քայլ չի տեսնում, և անգամ ՀԴՄ կտրոններն այսօր չեն գործում։

-Որոշ խանութներ, այո՛, տրամադրում են, բայց փորձեք ՄԻԿԱ բենզակայանից մի կտրոն վերցնել, հետևանքների համար գուշակություն չեմ անում։

Նա նշել է, որ վարչապետը գովում էր, թե բյուջեն 18%-ով ավելացել է, սակայն ոչ ոք չէր նշում, թե նախորդ տարի 27%-ով անկում էր արձանագրել, բացի այդ՝ ինֆլյացիան 4-ի փոխարեն 9 է եղել, բյուջեի փոխարժեքն է փոխվել, և այլն։

-Նվազագույն աշխատավարձը 30 000-ից բարձրացրել են 32,5 հազ., այո՝ 9% աճ է։ Վերջին անգամ այն փոփոխվել է 2008թ. աշնանը։ Երկու տարվա ինֆլյացիան կազմել է 17%։ Հիմա ասեք՝ ո՞ր ոլորտում է հաջողություն եղել։ Ավելին՝ բերվել է մյուս տարվա բյուջեն՝ 850 մլրդ։ Լա՛վ, 740 մլրդ եղել է 2007թ., կարծես թե ավելացել է, բայց 26% ինֆլյացիա է եղել։ 850 մլրդ-ը 26%-ով պակասացնում ենք, ստացվում է 600 մլրդ։ Այսինքն այս կառավարությունը նախագահի գլխավորությամբ ընդունեց բյուջե 3 մլրդ դոլարի, ունենք բյուջե 2 մլրդ 300 մլն-ի, այն էլ՝ եթե կատարվի մյուս տարի,-ընդգծել է Հրանտ Բագրատյանը և նշել, որ դրանք անառարկելի փաստեր են։

Նրա խոսքերով՝ եթե անգամ այն կատարվի, ապա 2012թ. Ազգային ժողովի ընտրություններին ՀՀԿ-ն կգնա ՀՀ ՀՆԱ-ն 4%-ով պակասեցրած, բյուջեն՝ մոտ 10%-ով։

Տնտեսական աճն իրականում, ըստ Բագրատյանի, զրոյական է։

Նրա կարծիքով՝ հնարավորություն կա իջեցնել մյուս տարվա սղաճը, և իրականում 5 րոպեում կարելի է հարցը լուծել, անգամ դեֆլյացիայի գնալ, եթե հանկարծ հայտարարվի, որ շաքարն այսուհետ բերում են բոլորը։

-Այսինքն, ելույթի տեղը, եթե նախագահը հայտարարեր, որ այսօրվանից հրամանը գնաց մաքսային ծառայություն, բոլորին եմ թույլ տալիս, դեֆլյացիա էլ կլինի, տնտեսական աճը կլինի 12-20% միանգամից,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը