Աշխարհ

02.09.2017 15:48


Ռուս-ամերիկյան դիվանագիտական «պատերազմը» նոր ընթացք է ստանում (տեսանյութ)

Ռուս-ամերիկյան դիվանագիտական «պատերազմը» նոր ընթացք է ստանում (տեսանյութ)

Ռուս-ամերիկյան դիվանագիտական հակադրությունը նոր ընթացք է ստացել այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը 48 ժամ է տվել Ռուսասատնին՝ իր հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում, ինչպես նաև առևտրային ներկայացուցչությունները մայրաքաղաք Վաշինգտոնում ու Նյու Յորքում փակելու համար:

«Սա մեր կոշտ և կշռադատված արձագանքն է ի պատասխան Ռուսաստանի կողմից նախկինում ընդունված ցավալի որոշմանը: Մենք ցանկանում ենք նվազեցնել լարվածությունը և բարելավել հարաբերությունները»,-ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Հաքաբին:

Ռուսական կողմն` ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, արձագանել է ԱՄՆ-ի պահանջին: Լավրովն անդրադարձել է այս հարցին Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Ինչպես ասել է նախագահ Պոտինը, մենք չենք ցանկանում հակադրվել ԱՄՆ-ի հետ: Մենք միշտ բարեկամաբար ենք վերաբերվել ամերիկյան ժողովրդին: Այժմ մենք ևս բաց ենք կառուցողական համագործակցության համար, եթե դա համապատասխանի Ռուսաստանի շահերին: Մենք շատ ենք ցանկանում բարելավել հարաբերությունները, սակայն դրա համար անհրաժեշտ են երկու կողմերի ջանքերը: Այս պահին ամերիկյան կողմը գործում է միակողմանի»,- ասել է արտգործնախարար Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ ամերիկյան կողմի որոշման մասին տեղեկացել է պետքարտուղար Թիլլերսոնի հետ հեռախոսազրույցից, որին հետևել է պաշտոնական դիմումը: Նա մտահոգություն է հայտնել, որ ամերիկյան կողմը ռուսական կողմին տվել է ընդամենը 48 ժամ ՝ այս որոշման իրականացման համար:

Հիշեցնենք, որ անցած ամիս ռուսական կողմը պահանջել էր ամերիկյան կողմից նվազեցնել իր դիվանագիտական ներկայացուցչությունը Ռուսաստանում՝ անձնակազմի թիվը հասցնելով 455 դիվանագետի: Այս որոշումն ընդունվել էր ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների: Ամերիկյան կողմը նաեւ ժամանակավորապես դադարեցրել էր ամերիկյան ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանում:

«Նշեմ, որ պատժամիջոցների այս պատմությունը մենք չենք սկսել: Այն սկսել է Օբամայի վարչակազմը, որով խաթարել է ռուս-ամերիկյան հարաբերությունները, իսկ այնուհետև թույլ չի տվել Թրամփին սկսել իր նախագահությունը կառուցողական հիմքերի վրա’՝ խանգարելով նրան իրականացնել իր նախընտրական խոստումը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման առումով»,- հայտնել է արտգործնախարար Լավրովը:

Դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև այս պահին գտնվում են հետսառըպատերազմյան շրջանից ի վեր ամենացածր մակարդակի վրա:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը