Աշխարհ

01.09.2017 09:15


Ադրբեջանական դատարանը մերժել է Աֆղան Մուխտարլըի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը

Ադրբեջանական դատարանը մերժել է Աֆղան Մուխտարլըի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Թբիլիսիում ամառվա սկզբին առևանգված և Բաքու տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլի գործով հերթական դատավարությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Աֆղան Մուխտարըի ազատազրկման պատիժը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ Նասիմի շրջանի դատարանի վճռի բողոքարկումը: Դատավոր Միրփաշա Հուսեյնովի գլխավորությամբ տեղի ունեցած վերաքննիչ դատը չի բավարարել Մուխտարլըի բողոքը:

Աֆղան Մուխտարլըի փաստաբան Զիբեյդե Աաքարիյաևան հայտնել է, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի:

«Աֆղան Մուխտարլըն, ելնելով իր առողջական խնդիրներից, դիմել էր դատարան ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու համար, ինչը մերժվել էր Նասիմիի դատարանի կողմից և վճռաբեկ դատարանը նույնպես մերժեց»,- նշել է փաստաբանը:

Աֆղան Մուխտարլըն դատավորին հայտնել է, որ ինքը երկրից հեռանալու նպատակ չունի և, որ իր միակ ցանկությունն այն է, որ արդար դատավարություն լինի և պատժվեն բոլոր մեղավորները:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլըի փաստաբանը, որի ներկայացրած բողոքարկումը մերժվել էր, լրագրողի փաստաբանը բողոքը ներկայացրել էր, արդեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:

Բացի այդ, Եվրախորհրդարանը դեռևս հունիսի 15-ին Վրաստանի իշխանություններին կոչ էր արել առավել մանրամասն ուսումնասիրել լրագրողի առևանգումը, իսկ Ադրբեջանին՝ ազատ արձակել ոչ միայն Աղֆան Մուխտարլըին, այլև մյուս բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք դատապարտված են իրենց կարծիքն արտահայտելու համար:

Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմը, ով ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը