Աշխարհ

29.08.2017 17:49


Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին Orbiter-1K ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը

Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին Orbiter-1K ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը

Orbiter-1K հարվածային անօդաչուներն արտադրող իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության բաժնետոմսերի արժեքը այսօրվա՝ օգոստոսի 29-ի դրությամբ երեկվա համեմատ նվազել է 11,7 տոկոսով։

Ինչպես նշվում է օգոստոսի 28-ին ընկերության հրապարակած հայտարարության մեջ, Իսրայելի ՊՆ ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab) կասեցրել է ADS-ի՝ արտասահմանյան պատվիրատու երկրներից մեկին Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: Ըստ հայտարարության՝ արգելքը վերաբերում է միայն տվյալ պատվիրատուին, և միայն նշված տեսակի անօդաչուների համար:

Ընկերությունը նախատեսում էր այդ պատվիրատուին 2017–18 թթ. վաճառել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նշված տիպի անօդաչուներ: Թեև պատվիրատուի ով լինելը հայտարարության մեջ չի նշվում, սակայն ասվում է, որ վաճառքի և արտահանման արգելքը պայմանավորված է Իսրայելի ՊՆ կողմից իրականացվող հետաքննության հետ: Ընկերությունում «մտածում են», որ վաճառքի և արտահանման արգելքը կգործի առնվազն մինչև հետաքննության ավարտը:

Իսրայելական Bizportal կայքն իր հերթին հայտնում է, որ իսրայելական ընկերությունը նշված պատվիրատուի հետ նաև անօդաչուների համատեղ արտադրության գործարան ունի: Այս բոլոր չափանիշներին համապատասխանում է միայն Ադրբեջանը, որը և´ գնում է, և´ իր տարածքում հիմնված համատեղ իսրայելա-ադրբեջանական գործարանում, ենթադրաբար, հավաքում է Orbiter տիպի ԱԹՍ-ներ:

Այն, որ նշված «պատվիրատուն» Ադրբեջանն է, վկայում է նաև այն փաստը, որ Իսրայելի ՊՆ նույն դեպարտամենտը ընդամենը մի քանի շաբաթ առաջ սկսել էր հետաքնել իսրայելական նույն ընկերության մասնագետների հնարավոր մասնակցությունը Արցախում հայկական դիրքերին մահապարտ անօդաչու թռչող սարքերով հարված հասցնելուն: Օգոստոսի 14-ին Իսրայելի ՊՆ-ից հայտնել էին, որ այդ գործը քննում են, և շուրջ մեկ շաբաթվա ընթացքում կավարտեն, սակայն հետաքննության ավարտի մասին հայտարարություն առայժմ չի արվել:

Ավելացնենք, որ իսրայելական ADS-ը բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերը երեկվանից արժեզրկվել են ավելի քան 11,7%-ով, ինչն ամենայն հավանականությամբ կապված է հենց արտոնագրի կասեցման լուրի հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ADS ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Անօդաչուների իսրայելցի օպերատորները հրաժարվել են, բայց սարքն այնուամենայնիվ գործադրել են պատվիրակության ղեկավարները, որոնք չեն ցանկացել մերժել պատվիրատուի «խնդրանքը»: ADS-ը հերքել էր իր ներկայացուցիչների մասնակցությունը՝ նշելով, որ սարքը «գնորդն» է կիրառել:

Ավելացնենք, որ ադրբեջանական կողմը մինչ օրս տվյալ հարցի կապակցությամբ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը