Աշխարհ

22.08.2017 22:31


Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը

Ռուսաստանի կողմից Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրն առայժմ ուժի մեջ չի մտել, սակայն այն արդեն ստորագրված է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության տնօրենը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պաշտոնյայի խոսքով՝ պայմանագրի ստորագրումից հետո էլ աշխատանքը շարունակվում է, «տեխնիկական նյուանսներ են մնացել»:

Այս գործարքի հավանական կնքման մասին արդեն խոսվում է մի քանի ամիս: Թուրքիան այս համակարգերը գնելու մասին մտադրություն է հայտնել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գործընկերները չեն համաձայնվել իրենց արտադրած զենիթահրթիռային համակարգերը վաճառել Թուրքիային հարմար պայմաններով: Այս մասին վերջին շրջանում հայտարարել են և՛ Թուրքիայի նախագահը, և՛ երկրի ԱԳ նախարարը:

Ամերիկյան «Բլումբերգ» լրատվակայքի տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան համակարգի առաջին 2 դիվիզիոնը ստանալու է 2018-ի ընթացքում: Հաջորդ 2-ը արտադրվելու է Թուրքիայի տարածքում:

Վերջին պնդումը, թե համակարգերի մի մասն արտադրվելու է Թուրքիայում, հետագայում հերքվեց ռուսաստանյան կողմից: Սակայն Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում էին պնդել, թե համակարգերի մի մասն արտադրվելու է Թուրքիայում:

«Տեխնիկական նյուանսներ մնալու» մասին հիշատակմամբ ռուսաստանցի պաշտոնյան, հավանաբար, նկատի է ունեցել հենց այս խնդիրը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը