Աշխարհ

21.08.2017 12:31


Մերկելը՝ Թուրքիային. «Ինտերպոլի նման կառույցները չպետք է չարաշահել»

Մերկելը՝ Թուրքիային. «Ինտերպոլի նման կառույցները չպետք է չարաշահել»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Ինտերպոլի միջոցով Գերմանիայի քաղաքացի, գրող Դողան Աքհանլըին Իսպանիայում ձերբակալելու Թուրքիայի քայլը:

«BBC Türkçe»-ի համաձան՝ Մերկելը մասնավորապես ասել է. «Այդ քայլը ճիշտ չէր, և ես շատ ուրախ եմ, որր Իսպանիան Աքհանլըին ազատ է արձակել: Ինտերպոլի նման միջազգային կառույցները չպետք է չարաշահվեն նմանատիպ նպատակների համար»:

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Դողան Աքհանլըի միջադեպը, ցավոք, բազմաթիվ նմանատիպ դեպքերից միայն մեկն է:

«Դա է պատճառը, որ մենք կարճ ժամանակ առաջ մեծապես փոխեցինք Անկարայի նկատմամբ մեր քաղաքականությունը: Էրդողանի այս քայլերը անընդունելի են», - հավելել է Մերկելը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Դողան Աքհանլըն Թուրքիայի պահանջով ձերբակալվել էր Իսպանիայի Գրանադա քաղաքում. նրա վերաբերյալ Ինտերպոլը ձերբակալման «կարմիր արտոնագիր» էր տվել:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իր իսպանացի պաշտոնակից Ալֆոնսո Դաստիսից խնդրել էր Աքհանլըին չարտահանձնել Թուրքիա, և գործընթացի մեջ ներառել նաև Գերմանիային:

Մադրիդի դատարանը 40-օրյա ժամկետ է նշանակել՝ ձերբակալվածի արտահանձնումը Թուրքիային հիմնավորելու համար: Այդ ընթացքում Աքհանլըն ազատության մեջ կլինի, բայց իրավունք չի ունենա լքել Իսպանիայի տարածքը: Բացի այդ, նա շաբաթական մեկ անգամ պետք է ներկայանա ոստիկանություն:

Թուրքիայում ծնված Դողան Աքհանլըն որպես քաղբանտարկյալ երկու տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո՝ 1990-ականների սկզբին փախել է Գերմանիա: 2010թ. հոր ծանր հիվանդության պատճառով Թուրքիա վերադարձած գրողը ձերբակալվել է հենց օդանավակայանում, ապա կալանավորվել:

Աքհանլըն մեղադրվում է 1989թ. մեկ մարդու սպանությամբ ավարտված մի կողոպուտի մասնակցության մեջ: Ապացույցների բացակայության պատճառով որոշ ժամանակ անց ազատ արձակված Աքհանլըի նկատմամբ ավելի ուշ ցմահ բանտարկության պահանջով նոր քրեական գործ է հարուցվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը