Լրահոս

23.12.2010 11:20


Ավելի քան 59 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը

Ավելի քան 59 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2008թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում և անչափահասների դաստիարակչական  հսկողություն իրականացնող հաստատություններում արձանագրվել է հանցագործությունների  116 դեպք 135 անձի կողմից։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ արձանագրված 116  դեպքերը կազմել են ՀՀ-ում  2008թ. գրանցված 9273  հանցագործությունների դեպքերի 1,25%-ը:

2008թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը ենթակա ստորաբաժանումներում կատարվել են հանցագործությունների   110 դեպք: Արձանագրված մյուս 6 դեպքերից 4-ը  կատարվել են անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող մանկատներում, իսկ 2-ը՝ հոգեբուժական հաստատություններում:

2008թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական  հիմնարկներում ձևավորված հանցավորության վիճակի վերլուծության արդյունքները վկայում են, որ առավել անբարենպաստ և մտահոգիչ վիճակ է տիրել հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:  Նշված ՔԿՀ-ում  արձանագրվել է հանցագործությունների 36 դեպք,  որը կազմել է նույն ժամանակաշրջանում բոլոր ՔԿՀ-ներում արձանագրված 110 հանցագործությունների  դեպքերի 32,7 %-ը կամ գրեթե 1/3-ը:

2009թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հիմնարկներում և անչափահասների դաստիարակչական  հսկողություն իրականացնող  հաստատություններում արձանագրվել  է հանցագործությունների  185 դեպք 235 անձի կողմից։ Արձանագրված 185 դեպքերը  կազմել են ՀՀ-ում  2009թ. ընթացքում ընդամենը գրանցված 14339 հանցագործությունների դեպքերի 1,2 %-ը:

2009թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը  ենթակա ստորաբաժանումներում կատարվել է  հանցագործությունների  117 դեպք: Արձանագրված մյուս 8 դեպքերից 4-ը կատարվել են անչափահասների  դաստիարակչական հսկողություն իրականացնող  հաստատություններում, իսկ 4-ը՝ հոգեբուժական հաստատություններում:

Մասնավորապես՝ Երևանի թիվ 1 գիշերօթիկ դպրոց  ՊՈԱԿ-ում, Երեւանի «Զատիկ» և «Մարի Իզմիրյանի անվան» մանկատներում արձանագրվել է  պաշտոնեական անփութության 1-ական դեպք, իսկ երեխաների աջակցության կենտրոնում՝ բռնի սեքսուալ բնույթի գործողություն կատարելու  1 դեպք:

Այսպիսով՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ 2009թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ  ուսումնասիրվող բնագավառում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի  աննախադեպ աճ, որի արդյունքում որոշակի, իսկ առանձին դեպքերում  նաև էական  փոփոխությունների է ենթարկվել  հատկապես քրեակատարողական  հիմնարկներում ձևավորված հանցավորության կառուցվածքն ու շարժընթացը:

Մասնավորապես՝ նախորդ տարվա 116 դեպքերի դիմաց  2009թ. ընթացքում  ՀՀ ԱՆ   քրեակատարողական հիմնարկներում, անչափահասների դաստիարակչական  հսկողություն իրականացնող  հիմնարկներում  և հոգեբուժական  հաստատություններում արձանագրվել է  հանցագործությունների 185 դեպք, այսինքն՝ դեպքերն աճել են 69-ով կամ 59,4%-ով:

Հանցագործությունների դեպքերի աննախադեպ աճի պայմաններում  աճել է նաև  քրեակատարողական հիմնարկների  մասնաբաժինը 2009թ. ընթացքում  ձևավորված  հանցավորության հաշվեկշռում: Այսպես՝ եթե 2008թ.  ընթացքում գրանցված հանցագործությունների 116 դեպքերից  110-ը կամ 94,8%-ն էին  կատարվել  քրեակատարողական հիմնարկներում, ապա 2009թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում են կատարվել 185 դեպքերից 177-ը կամ 95,6%-ը:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2009թ.  ընթացքում ուսումնասիրվող  բնագավառում  հանցավորության աճը գերազանցապես տեղի է ունեցել ի հաշիվ ընդհանուր բնույթի հանցագործությունների և հատկապես թմրամիջոցների  ապօրինի շրջանառության դեպքերի աննախադեպ աճի:

Ինչպես և 2008թ., այդ առումով անբարենպաստ ու մտահոգիչ է եղել  վիճակը  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ արձանագրվել է  63 դեպք (որից 46-ը՝ իրացում, 17-ը՝ թմրամիջոց պահելու դեպքեր), որը կազմել է  նույն ժամանակաշրջանում արձանագրված  այդ բնույթի  140 դեպքերի 45%-ը:

Փախուստի վերաբերյալ քննված  քրեական գործերի վերլուծությունը ցույց է տալիս, որ  քրեակատարողական հիմնարկներից փախուստի կատարումը պայմանավորված է եղել հիմանականում քրեակատարողական  հիմնարկի աշխատակիցների  ռեժիմային թույլ  հսկողությամբ՝ արգելապատերի, վանդակաճաղերի տեխնիկական զննության ոչ պատշաճ կատարմամբ, հայտնաբերված թերությունները  ժամանակին չվերացնելու, նրանց դրսևորած անփութությունը ծառայության նկատմամբ:

Քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների  ապօրինի շրջանառությանը  վերաբերող հանցագործությունների  կատարմանը նպաստում է ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսների առկայությունը պատիժը կրող դատապարտյալների մոտ, որոնք գտնվելով պատժի կրման վայրում՝ բջջային հեռախոսների միջոցով ղեկավարում և կազմակերպում են թմրամիջոցների ապօրինի  մուտքը քրեակատարողական  հիմնարկներ, իսկ թմրանյութերը հայտնաբերելու դեպքում էլ  նույն եղանակով խոչընդոտում են  քննությանը՝ ապօրինի ազդեցություն ունենալով  վկաների վրա, ուղղորդում  նրանց ցուցմունքները, որը լուրջ դժվարություն է առաջացնում  հանցագործությունները բացահայտելու  ուղղությամբ տարվող  աշխատանքների ընթացքում:

2008թ. հայտնաբերվել է և առգրավվել է 1240 բջջային հեռախոս, 2009թ.՝  կրկնակի անգամ շատ՝ 2558:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմաբ՝ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ ՔԿՀ-ները, որպես  հետաքննության մարմիններ, իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն, որը սահմանափակվում է  ՔԿՀ-ի տարածքում, մինչդեռ կատարված հանցագործությունների  բացահայտման պարտականությունը և դրա պատասխանատվությունը  կրում է ոստիկանության տարածքային բաժինը: Ստեղծված  այդպիսի իրավիճակի արդյունքում հետաքննության երկու մարմինները գործում են մասնատված, ոչ համագործակցված, որի հետևանքով չեն ձեռնարկվում  համատեղ օպերատիվ-հետախուզական   լիարժեք միջոցառումներ, անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանակում  չի կատարվում: Արդյունքում՝ բազմաթիվ դեպքեր «տաք հետքերով» չեն բացահայտվում, չեն ձեռնարկվում անհետաձգելի  քննչական, օպերատիվ-հետախուզական  միջոցներ և դատավարական գործողություններ (խուզարկություններ, առգրավումներ և այլն), որից օգտվելով՝  հանցագործություն կատարած անձինք կամ մնում են չբացահայտված, կամ էլ  շեղելով քննությունը՝ կարողանում են խուսափել քրեական պատասխանատվությունից: Ասվածը մեծամասամբ վերաբերում է  թմրամիջոցների ապօրինի  շրջանառության հետ  կապված դեպքերով  կատարված հետաքննությանն ու նախաքննությանը:

Ուսումնասիրություններով պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սահմանված չէ իրավախախտումների  գրանցման, քննարկման և հաշվառման  միասնական կարգ:  ՔԿՀ-ներում  այդ նպատակով  վարվում են ոչ միասնական  ձևի մատյաններ, գրասենյակային գրքեր: Բացթողումներով է կատարվում  իրավախախտումների հաշվառումը: Շատ դեպքերում  իրավախախտումները գրանցվում են տարբեր մատյաններում կամ նյութեր են նախապատրաստվում՝ առանց որևէ  գրքում  կամ մատյանում դրանք հաշվառելու:

Այս խորագրի վերջին նյութերը