Հարցազրույց

22.12.2010 17:18


Հակոբ Հակոբյան.

Հակոբ Հակոբյան.

Հարցազրույց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի հետ

-2010թ. ավարտին հաշված օրեր են մնացել։ Ինչպիսի՞ տարի էր այն Հայաստանի համար։

-ՀՀ-ի համար հետճգնաժամային տարի էր, մաքառումներ հաղթահարելու, կասեցնելու ճգնաժամի վատ արդյունքները և ձեռք բերելու նոր, զարգացող տեմպ, ու այդ տեմպի ցուցանիշը 2011թ. պետական բյուջեում է ընդգրկված։ Իսկ անձամբ ինձ համար 2010թ.-ն աշխատանքի, դժվարությունների տարի էր։ Շատ աշխատանք կար, որովհետև օրինակ միայն պետական կենսաթոշակների հետ կապված ամբողջ փաթեթի վրա, որը 400 էջ էր՝ մայր օրենքը և օրենքների 48 փոփոխություն, ուղիղ 5 ամիս աշխատել ենք, որպեսզի այն կարողանանք ներկայացնել ԱԺ-ին։

-Իսկ ժողովրդի՛ համար ինչպիսի՞ տարի էր, որովհետև սովորական բնակիչների խոսքերով՝ 2010թ. շատ ծանր էր։

այ ժողովրդի, Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիների համար նույնպես տարին դժվար էր, առավել ևս, որ գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ տարի էր։ Դրա արդյունքում մենք բավական թանկացումներ ունեցանք, և այստեղ ոչնինչ չէր կարող օգնել, երբ որ օրինակ կաղամբի, կարտոֆիլի, այսինքն՝ այն մթերքների գինը, որոնք մեզ մոտ ավանդաբար ցածր է եղել, նույնպես բարձրացավ՝ կապված աննպաստ տարի լինելու հետ։

-Մոտենում է Ամանորը, սակայն բոլոր մթերքներն արդեն իսկ ակնհայտորեն թանկացել են։ Ինչպե՞ս պետք է Ամանորը նշի սովորական ժողովուրդը։

-Գիտեք, Հայաստանում մի այսպիսի ավանդական սկզբունք կա։ Ես հիշում եմ, միշտ էլ հիշում եմ, որ երբ գալիս է Նոր տարին, գները բարձրանում են։ Ամբողջ աշխարհում Նոր տարվա ժամանակ գներն իջնում են, որովհետև սպառումը մեծանում է։ Մե՛զ մոտ այս սովորությունն այդպես դրված է և այդպես գնում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն իր հավատքով և իր հասարակական գործողություններով՝ որպես ազգ, տարբերվում է մյուս բոլոր ազգերից։ Սա դրական առումով։ Բացասական առումով, այո՛, գները բարձրացել են, ունեցել ենք գնաճ, և հիմա Նոր տարվա հետ կապված՝ նորից կբարձրանան գները, և կարծում եմ՝ մեր ժողովրդի համար դժվար կլինի, որ յուրաքանչյուրը կարողանա իր ուզած սեղանն ունենալ Նոր տարվա համար։ Իսկ սա, կարծում եմ, կարևոր է։

-Բայց չե՞ք կարծում, որ գներ բարձրացնողը ոչ թե ժողովուրդն է, այլ ավելի վերին օղակները, և բնականաբար՝ մեղավորությունն էլ հենց այդ վերին օղակներինն է։

-Ո՛չ։ Չեմ կարծում։ Հարցն ուրիշ է, որը կքննարկենք հետո։

-Այսինքն։

-Այսինքն՝ այստեղ խնդիրն այդպես միանշանակ չէ։ Խնդիրը չունի միանշանակ պատասխան։ Պետք է երկար զրուցել, որպեսզի կարողանալ պատասխան տալ։

-Բայց առաջին հայացքից էլ արդեն իսկ տրամաբանական է, որ բոլոր վաճառողները միասին, միանգամից, նույն օրը, նույն չափով չեն կարող տվյալ ապրանքի գինը բարձրացնել։

-Հստակ տրամաբանական է։

-Նշանակում է՝ վերին օղակներն են կառավարում։

-Ասացի՝ սովորություն կա ժողովրդի մոտ։ Ասացի՝ ազգային է դա, յուրահատուկ ենք մենք։

-Բայց ինչ-որ կառավարող ձեռք կա, որ կառավարում է, չէ՞, այդ «սովորությունը»։

-Չէ։ Աստծո ձեռքն է։

-Արդյոք այս գումարման ԱԺ-ից պարզ չդարձա՞վ, որ խորհրդարանը կառավարության ձեռքում, կոպիտ ասած, դարձել է խամաճիկ. կառավարությունն ինչ օրենք ուզում է, ինչպես ուզում է, ինչ ռեժիմով ուզում է, բերում և անցկացնում է ԱԺ-ում։

-Բացարձակ համամիտ չեմ ձեզ հետ, որովհետև հենց կոնկրետ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ կապված, եթե դուք մեր գոնե արձանագրությունները նայում եք՝ բանավորները չհաշված, ապա մենք բոլոր գրավոր խնդիրները լուծում ենք կառավարության հետ, և շատ օրենքներ, օրինակ՝ հենց պետական կենսաթոշակների հետ կապված օրենքի նախագիծը, հանձնաժողով գալուց հետո փոխվել է 2 անգամ։ Առաջին անգամ փոխվել է մինչև առաջին ընթերցում մտնելը, և 2-րդ անգամ կատարվել է 347 փոփոխություն՝ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում։

-Այդուհանդերձ, այդ օրինագիծը խորհրդարանական ընդդիմության դժգոհությունն էր առաջացնում, և նրանք անգամ բոյկոտեցին և չմասնակցեցին քվեարկությանը։

-Հենց կոնկրետ այդ օրենքի հետ կապված՝ քննարկումների ժամանակ ընդդիմությունը, բացի մեկ անգամ մասնակցելուց, որի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել անուն ազգանուններով, ուրիշ ոչինչ չի արել։ Նույնիսկ իրենց առաջարկությունները չեն եկել քննարկելու։ Իսկ իրենց առաջարկություններից 3-ն ընդունվել է։

-Ամանորը որտե՞ղ եք նշելու, ո՞ր երկրում։

-Ամանորը նշելու եմ իմ տանը՝ Երևանում։ Եթե ժամանակ կունենամ, իմ ծնդդավայր կգնամ, իմ ընտրատարածք։

-Իսկ ինչո՞ւ, օրինակ, Ռիո դե Ժանեյրո չեք գնում։

-Չեմ սիրում ուղղակի։ Ես սիրում եմ իմ ընտանիքի, իմ հարազատների հետ տոնեմ Նոր տարին։

-Ժողովրդին և իշխանություններին ի՞նչ ամանորյա մաղթանքներ կհղեք։

-Ժողովրդին կմաղթեմ աշխատանք, թող տարին լինի բարենպաստ, և մենք կարողանանք 2011թ. այս օրն ավելի մեծ հաջողություններ ունենալ այս դառը և դժվար կյանքում, որովհետև երկրներ կան, որ արդեն մտածում են իրենց երկրի գոյությունը պաշտպանելու մասին։ Այսօր շատ երկրներ հետճգնաժամային ժամանակաշրջանում գնացին դեպի ավելի ներքև՝ պետականության մակարդակից իջան։ Ես կմաղթեմ, որ մեր ժողովուրդն ի՛ր աշխատանքով կարողանա պահպանել իր պետականությունը և իր աշխատանքով կարողանա վաստակել ու ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը։ Իսկ իշխանություններին կմաղթեմ կատարել իրենց սուրբ պարտքը, ամեն ինչ անել՝ ապահովելու, որ մեր ժողովուրդն աշխատի, պահպանի իր պետությունը, իր ազգը և իր ընտանիքը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը