Լրահոս

22.12.2010 16:55


«Սարդարապատում» քննարկվել են աշխատաշուկայի խմդիրները

«Սարդարապատում» քննարկվել են աշխատաշուկայի խմդիրները

Դեկտեմբերի 22-ին ՄԻԺԻ գրասենյակում տեղի ունեցավ Սարդարապատ Շարժման նախաձեռնած Այլընտրանքային Խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրվա բանախոս, ՄԻԺԻ փոխնախագահ Գոռ Հակոբյանը ներկայացրեց զեկույց «Աշխատավորության վիճակը ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի փոփոխությունից առաջ և հետո» թեմայով:

Բանախոսը հանգամանքորեն ներկայացրեց ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում կատարված փոփոխությունների հիմնական սկզբունքները, ինչպես նաև համադրեց դրանք աշխատողների, արհեստակցական միությունների և գործատուների իրական փոխհարաբերությունների վիճակի և գործընթացների հետ: Միաժամանակ ներկայացվեց աշխատողների սոցիալական պաշտպանվածության առկա խնդիրները, տրվեց արհմիությունների ներկա վիճակի գնահատականը, մասնավորապես գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական երաշխիքների ոտնահարման պրակտիկան:

Նիստի մասնակիցները առավել կարևորեցին աշխատավորության պաշտպանվածության և արհեստակցական միությունների կայացման հրամայականը, ինչը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական պաշտպանվածության համար, քանի որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս ապահովել աշխատավորության իրավունքները:

Քննարկվեց նաև հղիության նպաստների կրճատման և սոցիալական պաշտպանվածությանն առնչվող այլ խնդիրներ:

Քննարկման ժամանալ տրվեց նաև վարչակարգի կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության՝ «վայրի կապիտալիզմի» մոդելի քաղաքական գնահատականը, ըստ որի, այն բացահայտ կերպով, քայլ առ քայլ փոքրացնում է իշխող ռեժիմի ընտրախավի սոցիալական պատասխանատվությունը  բնակչության հանդեպ։ Այդ գործելակերպով վերացվում է ժողովրդի սոցիալական իրավունքները,  պահպանելով ժողովրդի պատասխանատվությունը և բեռը, ինչը Հայաստանը դարձնում է դասական դասակարգային երկիր՝ իշխող փոքրամասնությամբ և անպաշտպան մեծամասնությամբ:

Մասնակիցները արձանագրեցին խնդրի կարևորությունը, ինչպես նաև պարբերական քննարկումների միջոցով  լուծումների որոնման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը