Լրահոս

22.12.2010 16:54


Կաթնաղբյուրի ջուրը հասավ Կենտրոն

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ավանի Աճառյան թաղամասից մինչև «Աբովյանի պուրակ ՕԿՋ» /օրվա կարգավորիչ ջրամբար/ նոր թուջե ջրատարի շահագործման մեկնարկի հանդիսությունը։

Ջրատարը, որը 2010թ. ապր -հոկտեմբեր ամիսներին մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով  կառուցել է «ՀԱԷԿ»-ի «Շինարարություն» ՓԲԸ-ն, ունի 400մմ տրամագիծ և 4,5 կմ երկարություն: Նախագծի ընդհանուր արժեքը 643 մլն դրամ է, որը հատկացվել է  Համաշխարհային բանկի վարկային միջոցներից: Միաժամանակ կառուցվել է 5 փականային խուց, իրականացվել են ջրագծերի միացման և այլ անհրաժեշտ աշխատանքներ:

Շինարարության ընթացքում կառուցվել է նաև հեղեղատար ցանց' Մյասնիկյան պողոտայում, Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ ջրատարին զուգահեռ տեղադրվել է 100մմ տրամագծով պոլիեթիլենային լրացուցիչ խողովակ, որով հետագայում հնարավոր կլինի կապի համար մալուխ տեղադրել առանց նոր խրամուղի փորելու: Ասֆալտապատումը նույնպես իրականացվել է համատեղ ուժերով:

Նոր ջրատարն առաջին հերթին նպատակ ունի ապահովել Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարման հուսալիությունը: Այն ներկայումս հիմնականում ջուր է ստանում «Գառնի-Երևան» ջրատարից և վերջինիս կանգառի դեպքում, այլընտրանքային ջրատարի բացակայության պարագայում, ունենում է ջրամատակարարման հետ կապված խնդիրներ: Միաժամանակ, արդեն այսօր Երևանի հյուսիսային շրջաններում ջրակորուստների նվազեցման շնորհիվ կա հնարավորություն Կենտրոնին ինքնահոս եղանակով մոտ 130 լ/վ ջուր մատակարարել Կաթնաղբյուրից, ինչը հնարավորություն կտա համապատասխան քանակությամբ ջուր Գառնիի ջրատարից ուղղել դեպի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններ' նվազեցնելով Արարատյան պոմպակայանից այնտեղ ստացվող ջրաքանակը:

Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը' Կաթնաղբյուրից առանց լրացուցիչ ջրաքանակի, արդյունք է «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից տարվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունավետության, ինչի շնորհիվ ընկերությունը  հաջողությամբ է կատարում Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները շարունականության մասով և երևանցիների ավելի քան 75 տոկոսին ներկայումս ապահովում 20-24 ժամյա ջրամատակարարմամբ:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը