Հարցազրույց

25.01.2010 19:04


Լյուդվիգ Խաչատրյան

Լյուդվիգ Խաչատրյան

Հարցազրույց ԱԺՄ կուսակցության նախկին անդամ Լյուդվիգ Խաչատրյանի հետ

-Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։

-Հերթական սովորական նշանակությունը, բայց մի կարևոր հանգամանքի առկայությամբ՝ մինչև հանդիպումը կատարվող գործընթացների ֆոնի վրա մենք ինչքան էլ լավատեսորեն տրամադրված լինենք, իրականությունը ցույց է տալիս, որ անընդհատ մանր-մունր, նույնիսկ հոգեբանական դիրքեր ենք զիջում։ Այնպես որ եթե այս գործընթացը նույն կերպ շարունակվի, այդ մանր փշուրները կորցնելով, ինչ-որ մի պահի, երբ ստեղծված իրավիճակը կարծրացնելու հարց առաջանա, կնայենք մեր չորս կողմն ու կտեսնենք, որ այսօրվա իրադրությունից ելնելով՝ առանց մտածելու հայտարարություններ ենք արել կամ խոստումներ տվել։ Մի օր այդ բոլորը հավաքվելու է, դրվելու է մեր առջև, ու կտեսնենք, որ մեր առջև շատ ավելին է դրված, քան այն, ինչ մեզ մնում է։

-Ըստ Ձեզ՝ այսօր ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի՞, կամ հայտարարություն կարվի՞։

-Վերջին հաշվով դա, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի, որովհետև հիմա շա՜տ, շա՜տ բարդ պրոցեսներ են ընթանում։ Եթե փաստաթուղթ ստորագրվի, որի մեջ մի քանի փշուր կամ կտոր բան ենք մենք հենց այնպես համաձայնելու տալ այս պահի մեր կեցվածքն արդարացնելու համար, շատ վատ կլինի, որովհետև փորձը ցույց է տվել, որ Հայաստանը զբաղված է միայն բոլորին հարմարվելով և մոդա ցույց տալով. բոլորը նստած են, մերոնք հպարտ-հպարտ այդ շորերը հագած պոդյումի վրայով գնում-գալիս են։ Ոնց որ այդ մոդայի ցուցադրությունից հաճույք ստանան։

-2010թ. ԼՂ-ի խնդիրը կլուծվի՞, թե՞ ոչ։

-Իհա՛րկե ոչ, որովհետև այն տրամաբանությունը, որի մասին խոսում էի, մի հստակ վտանգ է իր մեջ պարունակում՝ այս տրամաբանությամբ մեր ղեկավարությունը Հայաստանը տանում է դեպի պատերազմ։

-Այս տարի պատերազմի վերսկսումը հնարավո՞ր է։

-Չի բացառվում՝ եթե բոլոր հարցերում շարունակեն իրենց այս ամոթխած, տարտամ, լղոզված, պղտոր կեցվածքը։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացո՞ւմ ինչ կանխատեսումներ կանեք։ Այս տարի ի՞նչ զարգացումներ կգրանցվեն։

-Ոչինչ էլ չի գրանցվի։ Ես նույնիսկ ֆուտբոլի հրավերքի օրվանից եմ ասել, և մնում եմ իմ կարծիքին՝ սահմանը չի բացվի. ընդամենը այդ նույն տարտամ ու լղոզված կեցվածքի պատճառով էլի մտան մի շատ ավելի մեծ ու բարդ խաղի մեջ։ Ղարաբաղի հարցում մի փոքր ավելի քիչ, բայց Թուրքիայի հետ հարաբերությունների այս խաղի մեջ ամենամեծ վտանգը ես տեսնում եմ այդ պրոցեսի մեջ ներգրավված մեր մարդկանց բարոյական, ազգային, մտավոր, ինտելեկտուալ, գաղափարական անպատրաստվածության մեջ։

-2009թ. Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեծապես պայմանավորված էին արտաքին քաղաքական կյանքով։ Ի՞նչ եք կարծում՝ 2010թ.-ն նո՞ւյնպես այդպես կլինի։

-Ամենայն հավանականությամբ՝ այո՛։ Անցած 20 տարիները ցույց են տվել, որ ներքաղաքական իրավիճակի վրա սոցիալական և այլ տիպի ազդակները գուցեև ֆոն են ստեղծում, բայց վճռորոշ նշանակություն չեն ունենում։ Մեր ժողովուրդն այնպիսին է, որ ընդամենը ներվի մի քանի կետեր ունի, որոնց կպնելու դեպքում միայն հնարավոր է, որ ինչ-որ բաներ կատարվեն։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը