Լրահոս

07.08.2017 19:43


«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Վենետիկի կինոփառատոնում

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Վենետիկի կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում:

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն՝ Orietta Trevisanato Zampieri-ի՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ներկայացումը և ցուցադրություններն Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։ Ինչպես նաև նախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ` «Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկաայլ ծրագրերի հետ կապված։

«Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում, միջազգային հարթակներում նպաստենք դրա հեղինակության բարձրացմանը: Ես դա փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վեր հանելով համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝ ներառյալ ղարաբաղյան խնդիրը։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում, Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում այդ ուղղությամբ կատարվող մեր ջանքերի շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի զարգացման և մեր համընդհանուր նպատակների իրագործման՝ մենք միշտ բաց ենք առաջարկությունների և համագործակցությունների համար: Այդ ճանապարհին կարևորում եմ ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը, այլ նաև՝ պետական աջակցող և երբեմն համակարգող ձեռքի առկայությունը, ինչը միջազգային շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության համար՝ հատկապես ազգային ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- ասել է ՋիվանԱվետիսյանը։

Սեպտեմբերի 5-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում, որի ժամանակ, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։

Սեպտեմբերի 7-ին նախատեսվում է մամլո ասուլիս՝ ֆիլմի ստեղծագործական կազմի հետ, որը կհեռարձակվի իտալական Antenna Cinema 24 հեռուստատեսության կողմից։ Ասուլիսին, ռեժիսորի հետ մեկտեղ, ներկա կլինեն և խոսքով հանդես կգան նաև ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆ-ից։ Մամլո ասուլիսին խոսքով հանդես կգա նաև հանրահայտ գրող, ստեղծագործող Antonia Arslan-ը, ով հայկական արմատներ ունի և հայ հասարակությանն ավելի շատ ծանոթ է «Արտույտների ագարակը» վեպով, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ՝ Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից։

Հատկանշական է այն, որ Իտալիայում՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններն իրականացվում են Վենետոյի (վարչական կենտրոնը` Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը