Լրահոս

01.08.2017 17:35


«Սնուցում և քաղցկեղ». Հայկուհի Գյոկչյանի նոր գիրքը

«Սնուցում և քաղցկեղ». Հայկուհի Գյոկչյանի նոր գիրքը

«Քաղցկեղի ամենատարածված տեսակների շուրջ մեկ երրորդը՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում, և շուրջ մեկ քառորդը՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում, հնարավոր կլիներ կանխել առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և առողջ քաշ պահպանելու դեպքում»:

Սա «Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային հետազոտությունների հիմնադրամի» (WCRF) և «Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ինստիտուտի» (AICR) համատեղ եզրակացությունն է` մեջբերված Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիոթերապևտ Հայկուհի Գյոկչյանի «Սնուցում և քաղցկեղ» գրքում:

Թեև քաղցկեղի առաջացման պատճառները դեռ լիովին պարզված չեն, սննդի դերն այդ հարցում անվիճելի է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարսողական համակարգի օրգանների քաղցկեղին: Ճարպոտ, աղի և անհայտ հավելումներ պարունակող սնունդն առաջացնում է այդ օրգանների շարունակական գրգռվածություն, ինչը չի կարող անհետևանք մնալ: Ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու ավելորդ քաշը բարձրացնում են ռիսկի գործոնը:

Ցավոք սրտի, հայալեզու տեղեկատվությունն այս թեմայով շատ քիչ է: Հայկուհի Գյոկչյանը գրել է առաջին և առայժմ միակ հայալեզու աշխատությունը ուղեկցող թերապիայի մասին: 2015 թ.-ին նրա նախաձեռնությամբ տպագրվել է ESMO-ի (European Society for Medical Oncology) պրոտոկոլների հայերեն թարգմանությունը և անվճար բաժանվել Հայաստանի և Արցախի քիմիոթերապևտներին, որոնցից շատերի համար հիմա սեղանի գիրք է:

«Տեղեկացված ես, ուրեմն զինված ես»,-վստահ է Հայկուհի Գյոկչյանը: Նոր լույս տեսած նրա երրորդ գիրք-ուղեցույցը “Սնուցում և քաղցկեղ” խորագրով նույնպես կազմված է «ESMO» կազմակերպության ուղեցույցների հիման վրա: Գիրքն ընդգրկում է թեմայի բոլոր նրբությունները՝ սնուցման հիմնական հասկացություններից մինչև դրա հոգեբանա-սոցիալական կողմը, քաղցկեղի կանխումից մինչև սննդային աջակցություն քաղցկեղի բուժման ընթացքում:

«Գրեթե բոլոր պացիենտները հարցնում են՝ ինչ կարելի է և ինչ չի կարելի ուտել քիմիոթերապիա ընդունելու շրջանում, և դա իրոք կարևոր հարց է, քանի որ կան սննդատեսակներ, որոնք նվազեցնում են թերապիայի ազդեցությունը: Հենց այդ պատճառով էլ որոշեցի անդրադառնալ նաև այս թեմային»,-նշում է բժշկուհի Գյոկչյանը:

Նախատեսվում է «Սնուցում և քաղցկեղ»-ը բաժանել ոչ միայն բժշկական կենտրոններում, այլև պոլիկլինիկաներում, որպեսզի տարածքային ուռուցքաբանը ուղղորդի պացիենտներին սննդի հարցում:

Թեև ուղեցույցը նախատեսված է բժիշկների համար, միաժամանակ այն բավականաչափ հանրամատչելի է՝ պացիենտների և պարզապես իրենց առողջության մասին հոգ տանող քաղաքացիների համար:

Այս խորագրի վերջին նյութերը