Լրահոս

21.12.2010 18:03


Տեղի է ունեցել ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը:

Արձանագրվել է, որ 2010թ. հոկտեմբերի 21-30-ը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի չորս գյուղական համայնքներում անցկացված փորձնական մարդահամարից ակնկալիքները հիմնականում արդարացվել են, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կայացել է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կ. Կույումջյանը ներկայացրել է փորձնական մարդահամարի նախապատրաստման եւ անցակացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները' 2011թ. բուն մարդահամարի գործընթացն իրականացնելիս դրանցից խուսափելու համար: Մասնավորապես նշվել է, որ քաղաքային համայնքում որոշակի դժվարություններ են առաջացել փողոցների անվանացուցակների և շինությունների համարանիշների բացակայության պատճառով, բացի այդ, նկատվել է սխեմատիկ հատակագծերում նշված հասցեների և համայնքի հասցեատնտեսությունների միջև  անհամապատասխանություն, ինչը կարգավորելու համար ԱՎԾ-ն ակնկալում է ՏԻՄ-երի աջակցությունը:

Գյուղական վայրերում համայնքների կողմից վարվող գրքերում նկատվել են բնակիչների տվյալների անճշտություններ:

Խնդիրներ են ծագել նաև հողաչափերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստանալու հարցում: Որոշ տնտեսություններ հրաժարվել են տեղեկություններ տրամադրել տնտեսության սեփականություն հանդիսացող հողաչափերի վերաբերյալ' պատճառաբանելով, թե սեփականաշնորհված հողերից հրաժարվելու պահաջ են ներկայացրել: Նիստում պարզաբանվել է, որ քանի դեռ տվյալ հողատարածքն այլ սեփականտիրոջ անունով չի ձևակերպվել, այն շարունակում է համարվել բնակչի սեփականությունը:

Ա. Գևորգյանը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել հասցեգրման խնդիրներ ունեցող բնակավայրերի ցանկը, որպեսզի ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կարողանա համայնքների հետ համատեղ սկսել հասցեագրման աշխատանքները:

Որոշվել է 2011թ. հունվարի երկրորդ կեսին մարզպետների մասնակցությամբ անցկացնել հատուկ խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն 2011թ. հոկտեմբերի 12-21-ը բուն մարդահամարի գործընթացը համագործակցված կազմակերպելու և փորձնական մարդահամարի ընթացքում ի հայտ եկած խնդիրները համատեղ լուծելուն, ինչպես նաև այդ նպատակով մարզային վարչական հանձնաժողովների ձևավորմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև 2011թ. մարդահամարի գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հետ կապված հարցեր: 585 հազ. դոլար է տրամադրել Նորվեգիայի կառավարությունը, 200 հազ. դոլար' ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, 100 հազ. դոլար' Համաշխարհային բանկը, 400 հազ. շվեյցարական ֆրանկ' Շվեյցարիայի կառավարության զարգացման և համագործակցության կազմակերպությունը, 12 հազ. եվրո' Իտալիայի կառավարությունը, 100 հազ. դոլարի նյութական աջակցություն' Հնդկաստանի կառավարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը