Լրահոս

26.07.2017 13:00


«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք են բերվել մետաղյա բաշխիչ արկղեր, սակայն պահվել են ավտոտնակում

«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք են բերվել  մետաղյա բաշխիչ արկղեր, սակայն պահվել են ավտոտնակում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով 2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի՝ դրանք տեղադրվել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում և հանձնվել շահագործման: Նշված ակտը վավերացվել է «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության նախկին տնօրենի և այլ անձանց ստորագրություններով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին օդանավակայանի համար գնվել է նաև 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն դրանք ևս չեն արտացոլվել գույքային գրանցման ցանկերում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Մետաղյա բաշխիչ արկղերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ դրանք պահվել են «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության աշխատակցի առանձնատան ավտոտնակում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը